Լավ կլիներ ընդլայնված կազմով քննարկել. Փաշինյանը բացեց ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը

Նիստի ժամանակ ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետները նեղ կազմով 8 հարց կքննարկեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի — Sputnik. ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը մեկնարկեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` հարցերից մեկը հանրորեն քննարկելու առաջարկից։

Հանդիպումը բացելիս, ՀՀ վարչապետը նշեց, որ սա իր առաջին մասնակցությունն է միջկառավարական խորհրդի նիստին որպես նախագահող երկրի ղեկավար։ Նա խնդրեց ԵՏՀ–ի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին հնչեցնել օրակարգի հարցերը։

Երևանում մեկնարկեց ԵԱՏՄ միջկառավարական նիստը. լուսանկարներ

ԵՏՀ–ի կոլեգիայի նախագահն իր հերթին նշեց, որ օրակարգում 13 հարց է, որից առաջին 8-ը նա առաջարկեց քննարկել նեղ կազմով։

«Հանձնաժողովը կզեկուցի ձեր հանձնարարությունների իրագործման մասին։ Բացի այդ, անհրաժեշտ է ձեր որոշումը Միության զարգացման հետ կապված մի շարք կոնցեպտուալ հարցերի վերաբերյալ», – ասաց Սարգսյանը։

Առաջարկվում է նաև Բարձրագույն խորհրդին ներկայացնել Ղազախստանի Հանրապետության ներկայացուցիչ Կոլեգիայի նոր անդամի թեկնածությունը։

Սարգսյանն առաջարկեց քննարկել արդյունաբերական համագործակցության խնդիրները, ինչպես նաև տեխնոլոգիաների տրանսֆերին վերաբերող նախագիծը։

Փաշինյանն ավելացրեց, որ եթե այդ հարցի վերաբերյալ կոնսենսուս կա, ապա այն կարելի է քննարկել ընդլայնված կազմով։

ՀՀ վարչապետն առաջինն է ժամանել ԵԱՏՄ միջկառավարական նիստի անցկացման վայր

«Սա առաջին կոնկրետ նախագիծն է, որը իրականացվում է ԵԱՏՄ շրջանակում։ Կարծում եմ` լավ կլիներ այդ մասին հանրորեն խոսել», – ասեց Փաշինյանը։

Առաջարկին արձագանքեց Դմիտրի Մեդվեդևը` ճշտելով Փաշինյանից`արդյո՞ք նա առաջարկում է քննարկել զեկույցը ընդլայնված կազմով։

Դրանից հետո լրագրողների համար նիստի հեռարձակումը դադարեցվեց։

Այսօր ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին մասնակցում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, Ղրղըզստանի վարչապետ Մուհամեդկալի Աբիլգազիևը, Բելառուսի վարչապետ Սերգեյ Ռումասն ու Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինը։

ԵԱՏՄ–ն միջազգային ինտեգրացիան միավորում է, որը ստեղծվել է Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի հիման վրա, գործում է 2015 թվականի հունվարի 1–ից։ Միությունը ստեղծված է ԵԱՏՄ երկրներում ծառայությունների, ապրանքների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժումն ապահովելու նպատակով։ ԵԱՏՄ անդամ են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղըզստանը։