Շիրակի մարզպետը հրաժարվել է, իսկ 142 աշխատակիցներ պարգևավճար են ստացել

Շիրակի մարզպետի պարագայում խնդիրը ոչ թե երևույթին դեմ լինելն է, այլ ընդհանուր աշխատանքում իր ներգրավվածության նոր մեկնարկած լինելը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի — Sputnik. Շիրակի մարզպետարանի 142 աշխատակից պարգևատրվել է ընդհանուր 15 մլն 78 հազար դրամով: Գումարը նախատեսված է եղել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի առաջին եռամսյակի «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» հոդվածով:

Հայ-թուրքական սահմանի միակ եկեղեցու բակը բարեկարգվեց. սահմանապահին օգնեց հայկաձորցին

Աշխատակիցներից 12-ի պարգևատրումը, օրենքով նախատեսված կարգով, եղել է Շիրակի մարզպետի կարգադրությամբ և կազմել է ընդհանուր 2 միլիոն 362 հազար դրամ: Իսկ  մարզպետարանի 130 աշխատակիցներ էլ պարգևատրվել են գլխավոր քարտուղարի համապատասխան հրամանով:

Պարգևատրումից հրաժարված Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը Sputnik Արմենիայի հետ ունեցած զրույցի ժամանակ վստահեցրեց՝ չի հրաժարվել այն պատճառով, որ դեմ է պարգևավճարին. պարզապես իր աշխատանքային ընթացքը նոր է մեկնարկել:

«Հրաժարվել եմ ոչ թե գնահատական տալով երևույթին, այլ  այն պատճառով, որ մեր աշխատանքները նոր մեկնարկային փուլում են: Քանի որ 2 ու կես ամիս է ինչ կառավարման համակարգում եմ, և  ակտիվ աշխատանքային պրոցեսի մեջ ենք, այս փուլում որոշեցի ձեռնպահ մնալ»,-նշեց Տիգրան Պետրոսյանը:

Ի դեպ, պարգևավճարից նույն բացատրությամբ հրաժարվել են նաև մարզպետի խորհրդականն ու օգնականը: