5000 դրամի դարձերեսին Բաղեշի 20-րդ դարի հայտնի համայնապատկերներից մեկն է. ԿԲ

ԿԲ մամուլի խոսնակը հիշեցրել է, որ 3–րդ սերնդի թղթադրամները տպելուց առաջ ստեղծվել էր գեղարվեստական խորհուրդ, որը համագործակցել է տարբեր մասնագետների հետ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի — Sputnik. 5000 դրամի դիմերեսին պատկերել ենք Վիլյամ Սարոյանին, որի ֆոնին հատվածներ են «Նռնենիներ» պատմվածքից, գրքերի նկարազարդումներ, հայկական լեռների ու նռնենիների պատկերներ: Իսկ դարձերեսին Վիլյամ Սարոյանի արձանն է Երևանում, որի ֆոնին Սարոյանի նախնիների համայնապատկերն է։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ԿԲ մամուլի խոսնակ Հարություն Կբեյանը։

Կենտրոնական բանկը ցույց է տվել` ինչպես են ոչնչացվում թղթադրամները. տեսանյութ

Ըստ հուշարձանագետ Սամվել Կարապետյանի՝ նոր 5000 դրամանոց թղթադրամի վրա պատկերված է մահմեդական պաշտամունքային մի կառույցի` Շերեֆ խան Դ-ի դամբարանը:

«Հայաստանի Կենտրոնական բանկը երրորդ սերնդի թղթադրամները շրջանառության մեջ դնելուց առաջ հրապարակել է դրանց նկարագրությունը ԿԲ–ի կայքում: Կոնկրետ 5000 դրամի դիմերեսին պատկերել ենք ամերիկահայ մեծ գրող Վիլյամ Սարոյանին: Թղթադրամի դարձերեսին Վիլյամ Սարոյանի արձանն է Երևանում, որի ֆոնին Սարոյանի նախնիների՝ Բաղեշի 20-րդ դարասկզբի համայնապատկերն է»,- ասաց Կբեյանը։

Ըստ նրա` հուշարձանագետի գրառումը հուզական երանգավորում ունի, մինչդեռ ԿԲ–ն ոչինչ չի գովազդում:

Կբեյանը հայտնեց նաև, որ երրորդ սերնդի թղթադրամները մշակվել են 2 տարի առաջ։

«Ստեղծվել է գեղարվեստական խորհուրդ, որը համագործակցել է տարբեր մասնագետների հետ: Հայտարարվել է էսքիզների մրցույթ. շատ տարբեր առաջարկներ են եղել՝ մեկից ընտրել են դիմերեսը, մեկից՝ դարձերեսը, մի տեղից՝ ընդհանուր տեսքը։ Հետո այն ուղարկել են գերմանական մի ընկերություն, որն էլ տենդերում հաղթել է երրորդ սերնդի թղթադրամների տպագրությունը»,- ասաց ԿԲ մամուլի խոսնակը։

Նշենք, որ հուշարձանագետի գրառումը սոցիալական կայքերում քննարկման առարկա էր դարձել։