ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի — Sputnik. Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական թևին միանալու համար ՀՀԿ են դիմել տասնյակ երիտասարդներ։
Կուսակցության գրասենյակում այսօր՝ ապրիլի 22-ին, նրանց ողջունել է կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը։
Դիմելով երիտասարդներին՝ ՀՀ երրորդ նախագահը ասել է, որ ասելիք շատ ունի, սակայն հիմա միայն շնորհավորում է։
Ելույթի ավարտին ներկաներից մի երիտասարդ աղջիկ, Սերժ Սարգսյանին դիմելով, հարց տալու փոխարեն խնդրեց վերադառնալ:
Ի պատասխան՝ ՀՀԿ նախագահը ասաց, որ այս պահին նրանց շատ ասելիքներ չունի.
«Կունենամ այն ժամանակ, երբ բոլոր դեպքերում մի ընդհանրական խոսք կասեմ ու կպատասխանեմ մեզնով հետաքրքրվող լրատվամիջոցների հարցերին»,- շեշտեց Ս. Սարգսյանը։
Լրագրողի հարցին, թե մեկ տարվա ընթացքում ի՞նչ փոփոխություններ է նկատում Հայաստանում, Սերժ Սարգսյանը պատասխանեց, որ բազմիցս ասել է՝ կգա ժամանակ, և բոլոր հարցերին կպատասխանի: «Երբ ժամանակը գա, բազում հարցերի կպատասխանեմ»,- եզրափակեց Սարգսյանը։
Հանդիպման ավարտին, երբ երիտասարդները նկարվում էին Սերժ Սարգսյանի հետ, տղաներից մեկը ՀՀ երրորդ նախագահին խնդրեց սելֆի անել` նշելով, թե սա նոր սերնդի լուսանկար է:
«Ես մի քիչ այս մոդայից հետ եմ ընկել»,- կատակել է Սերժ Սարգսյանը: