ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի — Sputnik. Հայաստանն ու Ադրբեջանն Արցախի հակամարտության կարգավորման հարցում ընդհանուր պատկերացումներ չունեն։ Այս մասին այսօր ԵԽԽՎ նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով պատվիրակների` ԼՂ խնդրի մասին հարցերին։
«Բայց այն, որ մենք կարողացել ենք կառուցողական, անկեղծ քննարկումների մթնոլորտ ստեղծել, արդեն իսկ բավականին լավ է»,– ասաց Փաշինյանը` անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ այս ընթացքում ունեցած հանդիպումներին։
«Մեր ընկալմամբ այսօր կարևորագույն մի քանի հարց կա, որով մենք պետք է պատրաստվենք խաղաղության։ Օրակարգն ինստիտուցիոնալ առումով ուժեղացնելու ԵԱՀԿ ՄԽ ֆորմատի լիարժեք գործարկումն է, որը ենթադրում է նաև ԼՂ ներկայացուցիչների մասնակցությունը խաղաղ կարգավորման գործընթացին»,– ասաց Փաշինյանը։
Նա շեշտեց, որ դժվար է հասկանալ, թե ինչպես են պատրաստվում կարգավորել հարցը` առանց կոնֆլիկտի իրական կողմի հետ խոսելու, նրա մոտեցումները լսելու։
«Մեր քայլերն ուղղված են նրան, որ ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում վերականգնենք ԼՂ ներկայությունը բանակցություններին»,– ասաց Փաշինյանը` հավելելով, որ, թերևս շատերը տեղյակ չեն, որ Ադրբեջանի ու ԼՂ ղեկավարների միջև ժամանակին տեղի է ունեցել նաև ուղիղ հանդիպում։
«Սովորաբար ասում են, որ մինչև 1998թ.–ը ԼՂ ներկայացուցիչները ներգրավված են եղել բանակցություններում, բայց ես կասեի, որ մինչև 2018թ.–նն են ներգրավված եղել։ Եկեք, չմոռանանք, որ Ռոբերտ Քոչարյանը ՀՀ նախագահ դառնալուց առաջ եղել է ԼՂ ընտրված նախագահը։ Դրանից հետո Սերժ Սարգսյանն է ներկայացրել Հայաստանը, բայց նա եղել է նաև ԼՂ ղեկավարներից մեկը»,– ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` Հայաստանի նոր իշխանությունն այսօր ձգտում է ամեն ինչ անել, որ Ադրբեջանի ու ԼՂ ներկայացուցիչների շփումը բանակցային սեղանի շուրջ չընդհատվի։