«Չեմ ցանկանում գուշակություններ անել, թե ինչ տեղի կունենա գյուղատնտեսության և տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարությունների միաձուլումից», Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է Գյուղատնտեսության նախարարի պարտականությունները կատարող Գեղամ Գևորգյանը։
Գերատեսչության ղեկավարի պարտականությունները կատարողի խոսքով, պետք է հստակ հետևել գյուղատնտեսության նախարարության ռազմավարությանը, պետք է ամբողջությամբ կատարել միջոցառումների հնգամյա ծրագիրը, և այդ պարագայում արդեն նախարարության անվանումը պետք է որ էական ազդեցություն չունենա։
«Ավելի լավ է կենտրոնանալ նախարարության ֆունկցիաների, այլ ոչ թե անվան վրա»,-հորդորում է Գևորգյանը։
Ինչ վերաբերում է ոլորտի համար նախատեսված վարկային ծրագրերին, ապա գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը վստահեցնում է, որ գյուղացիների համար նախատեսված վարկային ծրագրերը մեծ արդյունավետություն ունեն։ Նախարարի պարտականությունները կատարող պաշտոնյայի խոսքով` դրանց պահանջարկը Հայաստանի գյուղերում աննախադեպ մեծ է։ Բյուջեով նախատեսված ամբողջ գումարը ծախսվում է, և պաշտոնյան չի բացառում, որ կտեղաբաշխվեն նաև լրացուցիչ գումարներ։