«Սպայկայի» տնօրենի փաստաբանները կալանքը գրավով փոխարինելու միջնորդություն են ներկայացրել

Ընկերության աշխատակիցները դատարանի մոտից շարժվում են դեպի Հանրապետության հրապարակ` կառավարության շենքի մոտ։ Նրանք վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում են պահանջելու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի — Sputnik. «Սպայկա» ՍՊԸ-ի տնօրեն Դավիթ Ղազարյանի փաստաբանները նրա կալանքը գրավով փոխարինելու միջնորդություն են ներկայացրել դատարանին։ Այսօր այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Կարեն Սարդարյանը:

«Գրավի միջնորդությունը ներկայացվել է, սակայն չափը չի նշվել: Դատարանն այն գումարը, որը խելամիտ կհամարի, կարող է կիրառել»,- ասաց Սարդարյանը։

Անդրադառնալով կալանքի որոշման հիմքին` փաստաբանն ասաց. «Կալանավորման համար հիմք է հանդիսանում այն, որ Ղազարյանը կարող էր ազդեցություն ունենալ մարդկանց վրա իր օգտին ցուցմունք տալու առումով»։

«Սպայկայի» տնօրենը կալանավորվեց. աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում

Փաստաբանը նաև հայտնեց, որ Ղազարյանը դեռ ցուցմունք չի տվել, թեև պատրաստ է կատարել օրենքով նախատեսված բոլոր պարտավորությունները։ Ինչ վերաբերում է առաջադրված մեղադրանքին, Սարդարյանի խոսքով, դրա հիմքում միայն մեկ փորձագիտական եզրակացություն է։ Ղազարյանի դեմ ցուցմունք տվող չի եղել։

«Երեք օրվա ընթացքում եզրակացություն է տրվել, որ իրականացվել է հաշվապահական փորձաքննություն, ու որոշվել է հարկերի չափը: Այդ կարճ ժամանակահատվածում որոշվել է 7 մլրդ դրամ հարկ՝ առանց հարկատուին մասնակից դարձնելու»,- ասաց Կարեն Սարդարյանը:

Հիշեցնենք, այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական համայնքների ընդհանուր իրավասության դատարանը որոշում կայացրեց բավարարել ՊԵԿ-ի միջնորդությունը` Դավիթ Ղազարյանի նկատմամբ 2 ամիս տևողությամբ նախաքննական կալանք կիրառելու մասին։

Դատական նիստին զուգահեռ դատարանի շենքի հարակից տարածքում բողոքի ակցիա են իրականացնում «Սպայկայի» աշխատակիցները։ Նրանք այս պահին դատարանի մոտից շարժվում են դեպի Հանրապետության հրապարակ` կառավարության շենքի մոտ`վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում պահանջելու։

Լարված իրավիճակ դատարանի մոտ. «Սպայկայի» աշխատակիցները փակել են ճանապարհը

Նշենք, որ ըստ ՊԵԿ քննչական մարմնի առաջադրած մեղադրանքի` 01.01.2015-11.01.2016թթ. ընթացքում «Սպայկա» ընկերությունը թաքցրել է ՀՀ ներկրված ապրանքների դիմաց հարկային պարտավորությունները` կեղծելով «Գրինպրոդուկտ» ՍՊ ընկերության անվամբ մաքսային մարմիններին ներկայացված հարկի, տուրքի և այլ պարտադիր վճարների հաշվարկի հիմք հանդիսացող տեղեկությունները։

Ըստ ՊԵԿ–ի` «Սպայկան» պետական բյուջե չի վճարել 7 036 666 312 ՀՀ դրամ մաքսատուրք և հարկ` պետությանը պատճառելով ավելի քան 7 մլրդ դրամի վնաս։

«Սպայկայի» տնօրենի պարզաբանմամբ` նշված 7 մլրդ դրամից 5–ը ԱԱՀ-ն է, որը ժամանակավոր ներմուծման ռեժիմի պարագայում ենթակա է վերադարձման, իսկ մնացած 2 մլրդ–ի պարտավորությունն իրենց չի կարող վերագրվել, քանի որ իրենց ընկերությունը միայն բեռնափոխադրում է իրականացրել, բեռը պատկանել է «Գրինպրոդուկտ» ՍՊԸ–ին։