ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի — Sputnik, Նանա Մարտիրոսյան․ Բարձրակրունկ կոշիկների փոխարեն՝ երկարաճիտ կոշիկներ, իսկ կարճ կիսաշրջազգեստի փոխարեն՝ զինվորական համազգեստ, բայց միայն զորամասի տարածքում։
Զորամասի սահմաններից դուրս Հայաստանի Զինված ուժերի կանանց դասակի աղջիկները չեն տարբերվում իրենց քաղաքացիական ընկերուհիներից։ Վաղ առավոտյան ավտոբուսներով, տաքսիով և անձնական ավտոմեքենաներով նրանք մոտենում են զորամասին, ոմանք՝ համազգեստով, մյուսները՝ քաղաքացիական հագուստով։ Մի մարդու պես դուրս են գալիս շարահրապարակ և սպասում տղամարդ գործընկերներին։ Քայլվածքով և կեցվածքով չեն տարբերվում մյուս զինծառայողներից և միայն գլխարկի տակից երևացող դեղին, կարմիր և կապույտ վարսերն են մատնում գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին։
«Մազերի գույնն ինքնարտահայտման միջոց է։ Ի սկզբանե ես արգելում էի դա, բայց ժամանակի ընթացքում հասկացա, որ աղջիկները չեն ցանկանում կորցնել իրենց կանացիությունը և փորձում են ավելի օրիգինալ լինել, իսկ հիմա միջանցքներով անցնում են ծիածանի գույները և հերթապահում պահակակետերում», - Sputnik Արմենիայի թղթակցին ասաց դասակի հրամանատար Աննա N-յանը։
Նա վստահ է, որ իր աղջիկները տարբերվում են ոչ միայն ֆիզիոլոգիական տվյալներով, այլ նաև ճշտապահությամբ, կարգապահությամբ և բարձր մարտունակությամբ։ Նրանք սիրում են այն ամենը, ինչից երբեմն խուսափում են տղամարդիկ․ պատրաստ են ժամերով մարզվել, պաշտում են զորավարժությունները, զենք մաքրելը և երբեմն վիճում են, թե ով պետք է հավելյալ անգամ հերթապահի։ Նրանց պաշտամունքի գլխավոր առարկան զենքն է։ Ինչպես խոստովանեցին աղջիկները, սիրելի ապրանքանիշերը ոչ թե «Շանելը» կամ «Գուչին» են, այլ Դրագունովի դիպուկահար հրացանն ու Accuracy-ին (բրիտանական դիպուկահար հրացան)։ Ասում են, որ այդ զենքի «բրուտալությունից» գլուխ է պտտվում, իսկ կրակելուց հետո անջնջելի տպավորություն է մնում։
Նրանք այնպիսի հիացմունքով ու ոգևորությամբ են պատմում զենքի, այդ հրացաններից կրակելու փորձի մասին, որ ակամա ուզում ես ինքդ էլ փորձել։ Աննա N-յանը՝ որպես հրամանատար, տարբերվում է իր պահանջկոտությամբ։ Աղջիկները խոստովանում են, որ նա ավելի խիստ է տղամարդ հրամանատարներից, բայց ավելի ուշադիր է և երբեմն «երես է տալիս» ենթականերին շոկոլադով և հերթից դուրս հերթապահելու հնարավորությամբ։
Նրա համար ամենաբարդը տղամարդկանց բացատրելն է, թե ինչու աղջիկները տրամադրություն չունեն, չէ՞ որ նրանց համար բարդ է հասկանալ կանանց գաղտնիքները։ Միաժամանակ հենց նրա պահանջով են աղջիկներին արգելել վառ դիմահարդարումն ու երկար եղունգները, թեև բարձրագույն ղեկավարությունը թույլ է տվել կանանց միամսյակի առթիվ բացառություն անել։
Դրա վկայությունը դիպուկահար Մարիաննայի գեղեցիկ մատնահարդարումն է, որն իսկույն աչքի է ընկնում։ Ժիլետով և սաղավարտով, իսկական բանակային կոշիկներով և հրացանով նրբակազմ աղջիկը հմայիչ է, հատկապես երբ ժպտում է։
Նա մասնագիտությամբ կինոռեժիսոր է, բայց ավարտելուց հետո որոշել է դառնալ զինվորական։ Խոստովանում է, որ արդեն չի պատկերացնում իր կյանքն առանց ծառայության և համազգեստի։
«Ես կմեռնեմ նախանձից, եթե քաղաքացիական անձ դառնամ և փողոցում համազգեստով աղջիկ տեսնեմ», - ասում է նա լայն ժպիտով։
Հավանաբար, որպեսզի մյուսները «մեռնեն նախանձից», նա նախընտրում է աշխատանքի գնալ համազգեստով։ Նույնիսկ դեպք է եղել, երբ բանակային տաբատով և երկարաճիտ կոշիկներով է գնացել միջոցառման՝ ուղղակի մոռանալով փոխվել։ Իսկ այն ամենը, ինչ վերաբերում է ծառայությանը, նա լավ է հիշում և անհրաժեշտության դեպքում օգնում ծառայակիցներին ու հրամանատարին։
Խիստ հրամանատարն ըմբռնումով է մոտենում իր ենթակաների չարաճճիություններին, որովհետև ծառայությունը դրանցից չի տուժում։ Բացի այդ, նրանք արդեն դարձել են մեծ, համերաշխ ու լավ կազմակերպված ընտանիք։ Աննան երբեմն խնդրում է հոգ տանել շան մասին, երբ ամուսնու հետ գործուղման են մեկնում։
Ի դեպ, թեև նա կոչումով ավելի բարձր է, քան ամուսինը, այդուհանդերձ ընտանիքում լիակատար հավասարություն է տիրում։ Աննան խոստովանում է, որ երբեմն ամուսնու հետ կատակով պատկերացնում են, թե ինչպես են շարք կանգնեցնելու իրենց երեխաներին՝ խոհանոցում ճաշելու գնալուց առաջ։ Իսկ եթե նա սովորականի նման խոսում է հրամանատարի տոնով, ապա ամուսինը բարձր ծիծաղում է և հիշեցնում, որ ընտանիքում գլխավորը սերն է։