Ինչու է ռուսաստանցի զբոսաշրջիկներին գրավում հատկապես Հայաստանը. պատճառները 5-ն են

Լեռներ, մաքուր օդ, արև ու եկեղեցիներ․․․ Զբոսաշրջիկները սովորաբար Հայաստանը հենց այս ամենի հետ են ասոցացում, թեև մեր երկրի հետ կապված կարծրատիպերի ցուցակն ավելի երկար է։ Ի՞նչն է իրականում Հայաստան բերում տարբեր երկրների, հատկապես Ռուսաստանի զբոսաշրջիկներին։
Sputnik

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

Հայաստանը ռուսաստանցի զբոսաշրջիկների ամենասիրած ուղղություններից է։ Սրա մասին է վկայում նաև այն, որ վերջին տարիներին Ռուսաստանն առաջին տեղում է Հայաստան այցելած զբոսաշրջիկների քանակով։

Ութ երևույթ, որ կզարմացնի Երևան այցելող ցանկացած զբոսաշրջիկի

Վերջին հինգ տարում մշտական հնգյակում են Ռուսաստանը, Վրաստանը, Իրանը, ԱՄՆ-ն և Ուկրաինան։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։

«Ակնհայտ ու անվիճելի առաջատարը Ռուսաստանն է, 2018 թվականին Ռուսաստանի Դաշնության 684 հազար քաղաքացի են Հայաստան եկել։ Երկրորդ տեղում Վրաստանն է՝ 314 հազարով։ Իրանը երրորդ տեղում է՝ 160 հազար զբոսաշրջիկ։ ԱՄՆ-ն չորրորդ է՝ 54 հազարով, իսկ հնգյակը եզրափակում է Ուկրաինան՝ նախորդ տարի Հայաստան այցելած 30 հազար քաղաքացիներով», - ասաց Ապրեսյանը։

Նա միաժամանակ նշեց, որ 2018 թվականին եվրոպական երկրներից Հայաստան են եկել ընդհանուր առմամբ 160 հազար քաղաքացի։ Ապրեսյանն ընդգծեց, որ վերջին ժամանակաշրջանում ավելանում է ոչ հայկական ծագում ունեցող զբոսաշրջիկների թիվը։

Իսկ ինչու՞ են ռուսաստանցիներն ընտրում Հայաստանը։ Ապրեսյանը հինգ պատճառ է թվարկում։

Լեզվական արգելքի բացակայություն

Առաջին հերթին ռուսաստանցիներին գրավում է այն, որ մեր երկրում եթե անգամ բոլորը չեն խոսում, բայց հասկանում են ռուսերեն։

Կյանքը Հայաստանի սահմանամերձ գյուղերում, կամ նոր իրականություն` Բերքաբեր այցից հետո

«Սա շատ կարևոր գործոն է, երբ գալիս ես մի երկիր, որտեղ քեզ հասկանում են ու խոսում են քո լեզվով», - ասաց Ապրեսյանը։

Նա ընդգծեց, որ դա թույլ է տալիս ավելի ազատ զգալ ու բարձրացնում է երկրի վարկանիշը։

Անվտանգություն

Երկրի ընկալման հարցում պակաս կարևոր չէ անվտանգության մակարդակը։ Հայաստանում այդ հարցում ամեն ինչ կարգին է, այստեղ կարելի է ապահով հանգիստ անցկացնել ընտանիքի հետ։ Արտասահմանցիները հաճախ ընդգծում են, որ Երևանում հանգիստ կարելի է դուրս գալ ուշ գիշերով զբոսնելու ու չվախենալ, որ քեզ վրա կհարձակվեն։

Զբոսաշրջիկները, որոնք այստեղ էին հայտնվել 2018-ի ապրիլին՝ «թավշյա հեղափոխության» օրերին, համոզվել էին դրանում։

Մատչելի գներ

Հայաստանում կարելի է հանգստանալ` առանց մեծ գումար ծախսելու, ինչը իսկապես գրավիչ հանգամանք է։ Մայրաքաղաքում բազում գեղեցիկ ու հետաքրքիր վայրեր կան. միայն թանգարաններ այցելելը կարող է մի քանի օր զբաղեցնել։

Երևանի մոտակայքում գտնվող տեսարժան վայրերը կարելի է այցելել տրանսպորտով։ Զբոսաշրջիկները հաճախ են լինում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Խոր Վիրապում, Գառնիում ու Գեղարդում։ Ի դեպ, տրանսպորտով Երևանից Էջմիածին գնալը 500 դրամ արժե։

Շքեղ հանգիստ

Հայաստանում զբոսաշրջիկները կարող են նաև լողալ ամպերի մեջ և 900 դոլարի դիմաց երկինք բարձրանալ օդապարիկով։

CNN Travel–ը ճանապարհորդներին խորհուրդ է տվել մեկնել Հայաստան

Օդապարիկում սպասում են շամպայնն ու էկզոտիկ մրգեր։ Կարելի է նաև ուղղաթիռով շրջել Հայաստանում, մի քանի հազար դոլարանոց լյուքս համար վերցնել հյուրանոցում, թանկարժեք ռեստորաններ այցելել, սպա-պրոցեդուրաներ անցնել։

Հյուրընկալություն և սպասարկում

Ապրեսյանի կարծիքով՝ Հայաստանի պահանջված լինելու հարցում մեծ դերակատարություն ունի նաև սպասարկման մակարդակը, որը վերջին տարիներին նույնիսկ ավելի լավն է, քան հարևան երկրներինը։

Մեկ այլ գործոն է հյուրընկալությունը։ «Եթե զբոսաշրջիկը վատ իրավիճակում հայտնվի, անցորդները կկանգնեն, ճանապարհ ցույց կտան, գիշերակաց կառաջարկեն»,– ասում է Ապրեսյանը։ Նրա խոսքով` զբոսաշրջիկների համար սա ամենակարևոր գործոնն է։ Հետո նրանք հաճույքով են իրենց ընկերներին ու ծանոթներին խորհուրդ տալիս այցելել մեր երկիր։