Ես հիվանդ մարդկանց հետ գործ չունեմ. Սերժ Սարգսյանը` լրագրողին

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է «Եռաբլուր» ու որոշակիորեն խախտել շուրջ 1 տարի պահպանած լռությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի — Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀԿ անդամ նախկին պաշտոնյաների ուղեկցությամբ այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու 2016թ.–ի ապրիլյան պատերազմի զոհերին։ Սարգսյանը ծաղկեփնջեր դրեց զոհված զինծառայողների շիրիմներին, ապա գլուխ խոնարհեց արցախյան պատերազմի զոհերի հուշակոթողի մոտ։

Այցի ամբողջ ընթացքում Սերժ Սարգսյանն ի պատասխան լրագրողների տարաբնույթ հարցերի, լռություն պահպանեց` առաջարկելով «չխանգարել իրենց արարողությանը»։

ՀՀԿ ներկայացուցիչները «Եռաբլուրում» պատասխանել են պատերազմի մասին հարցերին

Միակ հարցը, որն արժանացավ ինչ-որ պատասխանի, ապրիլյան պատերազմի պայմանավորված լինելու վարկածի մասին հարցն էր։ «Ես հիվանդ մարդկանց հետ գործ չունեմ»,– ի պատասխան այդ հարցի ասաց Սարգսյանը։

«Եռաբլուրից» հեռանալիս երրորդ նախագահն ավտոմեքենա նստելիս «ցտեսություն» ասաց մնացողներին։

Ի դեպ, նշենք, որ «Հանրապետական» կուսակցությունն այսօր առավոտյան էր ծաղկեպսակներ ուղարկել «Եռաբլուր», ինչի մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության նախկին պետ Մերի Հարությունյանը։

Այս հրապարակումից հետո հայաստանյան լրատվամիջոցներում տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ Սերժ Սարգսյանն այցելել է «Եռաբլուր»` այդ տեղեկություններին կցելով 2017թ–ին արված լուսանկարը։

Սերժ Սարգսյանը, սակայն, «Եռաբլուր» այցելեց այդ լուրերի տարածվելուց ժամեր անցի միայն` ժամը 16։30-ի սահմաններում։