ՌԱԴԻՈ

ՊԵԿ-ն իր առջև նպատակ է դրել ոչ թե պատժել տնտեսվարողին, այլ կանխարգելել խախտումները

ՊԵԿ Կազմակերպման և հսկողության վարչության ստուգումների դիտարկման բաժնի պետ Սամվել Եղիկյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է համալիր հարկային ստուգումների, այս գործընթացում գործիքակազմի փոփոխությունների, կոռուպցիոն ռիսկերի նվազեցման և այլնի մասին:
Sputnik

«Այսօր ՊԵԿ-ը իր առջև նպատակ է դրել ոչ թե պատժել տնտեսվարողին, այլ կանխարգելել խախտումները, ուստի համալիր հարկային ստուգումներն ուղղված են այդ վերահսկողական մեխանիզմներն ապահովելուն: Նախապատրաստական փուլում ՊԵԿ-ը մի նոր գործառույթ է որդեգրել` այն է նախաստուգումային վերլուծությունների իրականացնումը, որն իրենից ենթադրում է կամերալ եղանակով վերլուծություններ այն ողջ տեղեկատվության հիման վրա, որին տիրապետում է հարկային մարմնինը: Այս գործառույթը թույլ է տալիս արդեն բուն ստուգումը դնել ճիշտ ուղու վրա` նախօրոք վեր հանելով ռիսկերը, կազմել այն խնդիրների և ակնհայտ խախտումների ցանկը, որի հիման վրա տվյալ տնտեսավարողի մոտ կիրականացվի համալիր հարկային ստուգումը»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է Եղիկյանը:

Մասնագետն ընդգծում է, որ ընկերությունները իրավունք ունեն նախօրոք տեղեկանալու համալիր հարկային ստուգումների իրականացման մասին:

«Այն ենթադրում է, որ բոլոր հարկ վճարողներին տրվում է որակում այս կամ այն ռիսկային աստիճանի վրա գտնվելու առումով: Ռիսկային չափորոշիչների հիման վրա կազմվում է տարեկան ստուգումների ցանկ և յուրաքանչյուր տարվա հունիսի 1-ին հրապարակվում ՊԵԿ պաշտոնական կայքում: Յուրաքանչյուր ոք կարող է մուտք գործել պաշտոնական կայք և ցանկով տեսնել, թե որ կազմակերպությունները կամ տնտեսվարող սուբյեկտներն են ենթական համալիր հարկային ստուգման: Բարձր ռիսկայնություն ուղեկցող տնտեսվարող սուբյեկտներին օրենսդրությամբ թույլատրվում է ստուգել տարեկան մեկ անգամ»,–հստակեցնում է Եղիկյանը:

Նրա խոսքով`տարեցտարի ավելանում են էլեկտրոնային եղանակով փոխանցվող փաստաթղթերի, հաշվետվությունների տեսակները, և որքան բարձրացնենք ավտոմատացման մակարդակը, այդքան կնվազի սուբյեկտիվ մոտեցումն այս գործընթացում: