ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. Եվրասիական տնտեսական միությունը կարող է խթանել Հայաստանի տնտեսության զարգացումը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Եվրասիական ուսումնասիրությունների կենտրոնի գործադիր տնօրեն Անդրեյ Ռուսակովը:
«Ցանկացած կառավարություն պետք է աշխատի հօգուտ իր երկրի։ Հայաստանը սուվերեն պետություն է, դրա ընտրությունը պայմանավորված է ազգային շահերով, թե ինչ ուղղություն ընտրել, ում հետ համագործակցել», – ասաց Ռուսակովը։
Նրան դուր է գալիս, որ նոր ղեկավարությունը զգույշ էր մոտենում ԵԱՏՄ–ի հետ կապված ձևակերպումներին։ Փաշինյանի քաղաքական բեքրաունդը, ռուսական տեսակետից ի սկզբանե ոչ միանշանակ էր ընկալվում, հաշվի առնելով, որ նրա ղեկավարած «Ելք» դաշինքը քարոզում էր ԵԱՏՄ–ից դուրս գալը», – նշեց Կենտրոնի տնօրենը։
Միաժամանակ պետք չէ մոռանալ, որ ՀԱՊԿ–ը Հայաստանի անվտանգության գործոններից է, ու առանց ԵԱՏՄ–ի ինտեգրացիոն նախագծերի բավականին դժվար կլինի ներդրումներ գրավել փոքր երկիր, եթե հաշվի առնենք սպառողների փոքր քանակն ու բնակչության ցածր եկամուտները։
«Հայաստանը դատապարտված է լինել որևէ ինտեգրացիոն միավորումի մաս», – վստահ է Ռուսակովը։
Նրա կարծիքով` դա հատկապես կարևոր է Թուրքիայի ու Ադրբեջանի հետ փակ սահմանների պարագայում։ ԵԱՏՄ–ն ընդհանուր շուկա է (182 միլիոն մարդ), այն կարող է դառնալ «շարժիչ», որը նպաստելու է երկրի տնտեսության զարգացմանը։
Ռուսակովը նշեց նաև, որ պարբերաբար հանդիպումներ են անցկացնում ռուս–վրացական հարաբերությունների կարգավորմանն ուղղված ոչ պաշտոնական երկխոսության շրջանակում։ Հանդիպումներն անցկացնում են Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինն ու Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն։ Այդ երկխոսության շրջանակում Վրաստանի միջով տրանսպորտային միջանցքների ստեղծմանն ուղղված աշխատանք է իրականացվում։ Բանակցությունների բարեհաջող ավարտը կարող է թույլ տալ Հայաստանին նոր ելք ստանալ դեպի արտաքին շուկա։
«Նախկինում Հայաստանը տնտեսական աճի իմաստով առաջատար էր ԵԱՏՄ երկրների շարքում, սակայն բազային ցուցանիշը ցածր էր։ Բայց ԵԱՏՄ–ի շրջանակում կայացրած որոշումները խթանեցին տնտեսական զարգացումը», –ասաց Ռուսակովը։
Ցանկացած երկրի ամենակարևոր խնդիրը քաղաքացիների բարեկեցությունը բարձրացնելն է։ Պետք է ապահովել այն մոդելը, որը տնտեսական աճ կապահովի։ Այս պահին առանձին երկիրը չի կարող դա անել։
Այդ պատճառով, Ռուսակովի կարծիքով, ԵԱՏՄ–ն կարող է անհրաժեշտ պայման դառնալ Հայաստանի առաջընթացի համար։ Նա Միությանը այլընտրանք չի տեսնում, նշելով, որ բավականին կասկածելի է, թե ԵՄ–ն հայկական ապրանք ստանալու ցանկություն ունի։