Ինչու է փակվել Լևոն Արոնյանի և Գաբրիել Սարգսյանի հիմնած շախմատի դպրոցը. թնջուկը բացվել է

Գրոսմայստերական դպրոցին տարածք էր տրամադրվել «Միկա» մարզադաշտում, որը նախկինում ՊԵԿ–ի ենթակայության ներքո էր։ Այժմ «Միկան» սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ենթակայությամբ է գործում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի — Sputnik, Կարինե Հարությունյան. Գրոսմայստերների շախմատի դպրոցը երբեք Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ենթակայության տակ չի եղել, և նախարարությունը որևէ առնչություն չունի դրա` բացվել–փակվելու հետ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի մամուլի քարտուղար Աստղիկ Մարտիրոսյանը։

Նշենք, որ միջազգային գրոսմայստերներ Լևոն Արոնյանի և Գաբրիել Սարգսյանի շախմատային դպրոցը փակվել է։

Միտու՞մ, թե՞ անփութություն. շախմատի գրոսմայստերական դպրոցը փակման եզրին է

«Ճիշտ է, մեր սիրելի գրոսմայստերները` անուրանալի վաստակ ունեցող շախմատիստները, միացել ու դպրոց են բացել, սակայն այն պետական կարգավիճակ չունեցող դպրոց է եղել, ուղղակի ՊԵԿ–ի կողմից է ֆինանսավորվել։ Մարզիչները, որոնք երեխաների հետ պարապել են, նույնպես ֆինանսավորվել են ՊԵԿ–ի` արտաբյուջետային միջոցներից»,–ասաց Մարտիրոսյանը։

Նշենք, որ գրոսմայստերական դպրոցին տարածք է տրամադրվել «Միկա» մարզադաշտում, որը նախկինում ՊԵԿ–ի ենթակայության ներքո էր, ինչի համար էլ հենց ՊԵԿ–ն էր ֆինանսավորում դպրոցին։ Սակայն այժմ «Միկան» Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ենթակայությամբ է գործում։ Այսինքն` ստացվում է, որ ՊԵԿ-ն իրականում այլևս ոչ մի գործառույթ չունի դպրոցի հետ կապված և որևէ իրավական հիմք չկա, որ այդ կառույցը շարունակեր աշխատավարձ տալ, մարզիչների հաստիքները պահեր, քանի որ ՊԵԿ–ը, բնականաբար, մարզական որևէ գործառույթ չունի։

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի մամուլի քարտուղարի խոսքով` հաշվի առնելով այն հանգամանքը, որ շախմատը մեր ամենաառաջնային մարզաձևերից է, և այնտեղ բավական լուրջ արդյունքներ արձանագրած սաներ կան, նախարարությունը մտահոգված է եղել ոչ թե դպրոցի, այլ սաների և մարզիչների ճակատագրով։ «Նախարարությունը մարզիչներին առաջարկել է աշխատել մեր ենթակայության դպրոցներում, սակայն նրանք չեն համաձայնել` ասելով, որ մեր կողմից առաջարկվող աշխատավարձն ավելի ցածր է, քան իրենք նախկինում են ստացել»,–ասաց Մարտիրոսյանը։

Սարգսյան. «Աշխարհի լավագույն մարզիչը չի կարող 120 000 դրամով աշխատել»

Նա հավելեց նաև, որ պետության հոգածության ներքո գտնվող բոլոր մարզադպրոցները ՊՈԱԿ–ներ են, իսկ գրոսմայստերների դպրոցը ստեղծվել է անհատների կողմից, և պետական միջամտություն ի սկզբանե չի եղել։

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի տեսակետն իմանալու համար կապ հաստատեցինք ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանի հետ։ Վերջինս, սակայն, նշեց, որ այդ թեմայի առնչությամբ քանիցս խոսել է, և հավելելու որևէ բան չունի։

Ի դեպ, Լպուտյանը տարեսկզբին լրագրողների հետ զրույցում նշել էր, որ ցանկալի կլիներ, որ շախմատի դպրոցների պետական ֆինանսավորումը պահպանվեր:

Հիշեցնենք, որ Գաբրիել Սարգսյանը տարեսկզբին մեզ հետ զրույցում նշել էր, որ շախմատային դպրոցը ֆինանսավորելու ցանկություն են հայտնել արտասահմանից:

Ի դեպ, դպրոցն ամսական 1 մլն 500 հազար դրամի ֆինանսավորում է ստացել։ Շախմատի դպրոցի ֆինանսավորումն անցած տարեվերջից է դադարեցվել, սակայն դպրոցի հիմնադիրները հույս ունեին, որ այդ որոշման վերանայում կլինի։

2012-ից գործող դպրոցը բացվել էր Հայաստանի նախագահ ու շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանի աջակցությամբ: