Գրավատներն ու փոխանակման կետերը վտանգավոր են ֆինանսական հատվածի համար. փոխվարչապետ

Մհեր Գրիգորյանը տրամաբանական և հիմնավորված է համարում գրավատների ու փոխանակման կետերի համար պետտուրքը 60 անգամ ավելացնելը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի — Sputnik. Փոխանակման կետերը և գրավատները վտանգավոր են Հայաստանի ֆինանսական հատվածի համար։ Այսօր ԱԺ–ում այս մասին ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Ինչ է լինելու. գրավատների և գազավորված ըմպելիք արտադրողների ճակատագիրը դեռ անորոշ է

«Այո, ես անձամբ հանդիպել եմ փոխանակման կետերի և գրավատների ներկայացուցիչների հետ, բավականին երկար քննարկել ենք ու հանգել ենք հետևյալ մտքին, այո, պետք է չէ համեմատել գրավատները կամ փոխանակման կետերը այլ ֆինանսական կառույցների հետ, որովհետև այլ ֆինանսական կառույցները, թե վարկային կազմակերպությունները, թե բանկերը գործում են բացարձակ այլ կարգավորման դաշտում և ունեն բազմաթիվ սահմանափակումներ, իսկ պետությունն ունի գործիքակազմ, որպեսզի գործունեությունը կարգավորվի», – ասաց Գրիգորյանը։

Նրա խոսքով` բնականաբար վարչարարության ծախսը կամ ինքնարժեքը, բնականաբար, պետք է կոմպենսացվի տուրքի միջոցով։

«Այո, նաև 60 անգամ շատ տուրքի, քանի որ այսօրվա տուրքը, որը տարածվում է տվյալ կառույցների վրա, ուղղակի ծիծաղելի է և ադեկվատ չէ այն խնդրին, որն իրենք կարող են առաջացնել»,- ասաց նա։

Նա կարծում է, որ առաջարկվող տուրքի չափը կազմում է այդ կառույցների եկամտի 20-30 տոկոսը, ուստի առաջարկը լիովին տրամաբանական և հիմնավորված։

Գրիգորյանը նշեց, որ գրավատների և փոխանակման կետերի ղեկավարների հետ երկխոսությունն անիմաստ կլինի, եթե նրանք շարունակեն պնդել ներկա պայմանները, իսկ ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հայտնեց, որ նրանք պատրաստվում են երկուշաբթի բողոքի ակցիա անցկացնել կառավարության շենքի դիմաց։

Գրավատների և փոխանակման կետերի տերերը «դադար» են վերցրել

Ի պատասխան Գրիգորյանը հայտարարեց, որ արդեն եղել է նման ակցիաների ականատես, և խորհուրդ տվեց տրամադրվել երկխոսության, ոչ թե պահանջել ոչինչ չփոխել, քանի որ դա անհնար է։

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծով առաջարկվում է գրավատների ու արժույթի փոխանակման կետերի համար 60 անգամ ավելացնել պետտուրքերը։

Նախագծով առաջարկվում է վարկային կազմակերպությունների համար գործող 500 հազար դրամի փոխարեն սահմանել տարեկան 1 միլիոն դրամ տուրք, վճարահաշվարկային համակարգերի համար` 250 հազարի փոխարեն 1 միլիոն դրամ, վարկային բյուրոների համար` 500 հազարի փոխարեն 1 միլիոն դրամ, բանկերի համար` 3 միլիոնի փոխարեն 7 մլն դրամ, գրավատների համար` 100 հազարի փոխարեն 1 միլիոն դրամ, արժույթի փոխանակման կետերի համար` 50 հազարի փոխարեն 3 միլիոն դրամ, արժույթային դիլերների համար` 100 հազարի փոխարեն 3 միլիոն դրամ։