Սերժ Սարգսյանին ճամպրուկով փող չեմ տարել. հայ գործարար

Թարմ միրգ–բանջարեղենի արտահանմամբ զբաղվող խոշոր ընկերություններից մեկի գլխավոր տնօրենը վստահեցնում է, որ նախկին իշխանությունը չի խոչընդոտել ընկերության աշխատանքը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի — Sputnik. Հայաստանի նախկին իշխանությունը որևէ խոչընդոտ չեն ստեղծել բիզնեսի աշխատանքում։ Այսօր` մարտի 26-ին, լրագրողներին ասաց «Սպայկա» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Ղազարյանը։

ՀՀԿ վերնախավն այցելել է քաղաքային պանթեոն. ներկա էր Սերժ Սարգսյանը

Նրա խոսքով` խնդիրներ չեն առաջանում նաև նոր իշխանության հետ։

«Մենք հարկային ստուգումներ ունեցել ենք, մեր հաշվետվությունները հարկ եղածի նման ճշգրտել ենք և այն ամենը, ինչը պետք էր, վճարել ենք։ Այնպես որ պետք չէ մտածել, որ մեզ հետ թշնամություն են անում կամ մեզ հետապնդում են», – ասաց գործարարը։

Նա նաև վստահեցրեց, որ նախկին իշխանությունից ոչ ոք ընկերությունում մասնաբաժին չունի և փայ չի պահանջել։

«Ճամպրուկով փող էլ չեմ տարել Բաղրամյան 26»,– ասաց Ղազարյանը։

Նա հերքեց նաև Սեդրակ Քոչարյանի (ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդի – խմբ.), երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր` Ալեքսանդր Սարգսյանի և երրորդ նախագահի փեսա Միքայել Մինասյանի մասին առնչություն ունենալու հարցապնդումները։ Ղազարյանը նշեց, որ բիզնեսը պետք է և կարող է ենթարկվել միայն օրենքին։

Նշենք, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր ընկերության պանրագործարանի բացմանը։

«Սպայկան» Հայաստանից թարմ միրգ և բանջարեղենի խոշորագույն արտահանողն է։ Ընկերության արտադրանքի իրացման հիմնական շուկան Ռուսաստանն է։