Մինչև մայիսի 1-ը. նախարարը ֆիքսեց աջ ղեկով մեքենաներ ներմուծելու վերջնաժամկետը

Հնարավոր կլինի՞ աջ ղեկով ավտոմեքենաները ներմուծել և տեղում փոխել ղեկի դիրքը։ Այս հարցն առանձին կքննարկվի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի — Sputnik. Աջ ղեկով ավտոմեքենաները հնարավոր կլինի Հայաստան ներմուծել մինչև մայիսի 1-ը. այս ժամկետն այլևս չի փոխվի։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Հակոբ Արշակյանը։

ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել աջ ղեկով ավտոմեքենաների համար

«Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը ժամանակավոր արգելելու մասին» օրենքն ընդունվեց մարտի 1-ին։ Ի սկզբանե «աջ ղեկով մեքենաները» ուզում էին արգելել ապրիլի 1-ից, այնուհետև ժամկետը հետաձգեցին մինչև մայիսի 1-ը։ «Ղեկը աջ» նախաձեռնության ակտիվիստները հայտարարեցին, որ լրացուցիչ մեկ ամիս է պետք, որպեսի արդեն գնված մեքենաները հասցնեն Հայաստան։

«Նոր հետաձգումները բացառում եմ», – ընդգծեց Արշակյանը։

«Աջ ղեկով» նոր մեքենաներ ներմուծել չեն թույլատրի։ Իսկ արդյո՞ք դրանք թույլ կտան ներկրել ղեկի դիրքը փոխելու պայմանով։ Նախարարը հայտարարեց, որ այդ հարցը կառավարությունում լրացուցիչ կքննարկվի։

Մինչև մայիսի 1 ժամկետը գործում է այն մեքենաների համար, որի առուվաճառքի պայմանագիրը կնքվել է մինչև 2018 թվականի դեկտեմբերի 30-ը։