ՌԱԴԻՈ

Պետք է բարելավել ոչ միայն Օպերայի շրջակայքը, այլև՝ Մոնումենտը. ահազանգում են բնապահպանները

«Հանուն կայուն զարգացման» ասոցիացիայի նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանն ու ԳԱԱ բուսաբանության ինստիտուտի գլխավոր գիտաշխատող Գոհար Օգանեսովան Sputnik Արմենիայի «Տետ-ա-տետ» հաղորդաշարի եթերում ահազանգեցին, որ պետք է բարելավել ոչ միայն Օպերայի շրջակայքը, այլև՝ Մոնումենտը:
Sputnik

«Օպերայի տարածքի սրճարանների ապամոնտաժումը  շատ ճիշտ քայլ է, ինչ-որ հնարավոր է, պետք է վերականգնել: Պետք է կանաչապատել նաև դեպի մոնումենտ բարձրացող սարալանջը, քանի այնտեղ էլ օլիգարխների դղյակներ չեն հայտնվել»,- «Տետ-ա-տետ» հաղորդման շրջանակներում այս մասին նշեցին Հանուն կայուն զարգացման ասոցիացիայի նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը և Գիտությունների ազգային ակադեմիայի բուսաբանության ինստիտուտի գլխավոր գիտաշխատող Գոհար Օգանեսովան:

Իմ հարազատ եղբոր սրճարանն էլ լիներ, պիտի քանդվեր. Փաշինյանը` ապամոնտաժման մասին

Օպերայի շրջակայքի ապամոնտաժման մասով, ըստ բնապահպանի, հարցը դրված է ոչ միայն կանաչապատման, այլև հուշարձանի շրջակայքի բարելավման մասով:

«Մեկ-երկու տարի հետո մենք նոր, փոփոխված տարածք կունենանք: Մինչ սրճարանների կառուցումը մենք դեմ ենք եղել այդ տարածքների նման օգտագործմանը. նախ կանաչ տարածքը չի կարելի աղճատել, երկրորդ՝ օպերան այնպիսի շինություն է, որ կարելի է մի քանի թեթև սրճարան ունենալ, բայց ոչ համատարած, առավել ևս ոչ առաջին գոտում», -ասաց Դանիելյանը: 

 Հարցին, թե  չի խանգարի արդյո՞ք ստորգետնյա  ավտոկայանատեղիի առկայությամբ հնարավոր է ունենալ խիտ կանաչապատ տարածք ու խորը արմատներով ծառեր և ստանալ նախկին տեսքը, Գոհար Օգանեսովան. «Ճիշտ է, այնտեղ չենք ունենա հսկա ծառեր, բայց կունենանք հեռանկար և կտեսնենք, որ հնարավոր է նույն տեսքի բերել մեր սիրած թատերական հրապարակը»:

Սրճարանների ապամոնտաժումից առաջ և հետո. ի՞նչ տեսք կունենա օպերայի հարակից տարածքը

Ըստ մասնագետների՝ երեք շերտով պետք է լինի կանաչապատումը՝ ծառ, թուփ և խոտային ծածկ: Հատկապես, ըստ մասնագետների այնտեղ կարելի է տնկել հուդայածառ, եղևնի, կեչի և այլն:  

«Ամեն ինչ լավ է, երբ օրենքով է: Եթե մենք ուզում ենք օրենքի երկիր դառնանք, պետք է պահպանվեն օրենքի պահանջները: Ես կառաջարկեի ուշադրություն դարձնել այն լանջերին, որոնք գնում են, օրինակ, Մոնումենտ, սարսափելի վիճակում են: Եվ այնտեղ մեծ հնարավորություններ կան կանաչապատում անել՝ առանց մտածելու՝ արմատն ուր կգնա: Դա մեծ տարածք է, այնտեղի փոշին, ազատ հողը գալիս է դեպի քաղաք», -ասաց Օգանեսովան:

«Պրոցեսը 100 տոկոս իրավական է». Մարությանը՝ սրճարանների ապամոնտաժման մասին

Կարինե Դանիելյանը էլ նշեց, որ  դեպի Սարի թաղ այդ լանջերի շարունակությունը դեռ կառուցապատված չէ, կառավարության որոշումով դրանք բոլորը բաժանված են: Քանի դեռ կառուցապատում չի եղել, այդտեղ հարցը կարելի է լուծել և ուսումնասիրել պայմանագրերի բնույթը: Նա նշեց, որ պայմանագրերն այնպես են կազմված, որ քաղաքապետարանը, երբ ցանկանա, կարող է խզել դրանք: «Հիմա պետք է նայել լանջերի խնդիրները, դրանք տրվել են օլիգարխներին, և կանաչապատում չի եղել, մութ ու ցուրտ տարիներին հատվել են այդ անտառածածկ տարածքները, սակայն վերականգնվելու փոխարեն տրվել են օլիգարխներին, այդ որոշումը պետք է վերանա»:

Քաղաքային իշխանությունն ամեն դեպքում պետք է ոսկե միջինը գտնի, որպեսզի հնարավոր լինի խուսափել նաև  սոցիալ-տնտեսական բացասական հետևանքներից: