Ինչու է «Ուրալյան ավիաուղիները» հետ կանչել Երևանի ուղղությամբ 9 թռիչքների թույլտվությունը

Ընկերությունը հետ է կանչել Վոլգոգրադից, Ուֆայից, Կրասնոյարսկից, Նովոսիբիրսկից, Կազանից և այլ քաղաքներից Երևանի ուղղությամբ թռիչքներ իրականացնելու թույլտվությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի — Sputnik. «Ուրալյան ավիաուղիներ» ռուսական ավիաընկերությունը պատասխանել է Sputnik Արմենիայի հարցմանը և հայտնել, թե ինչու է հետ վերցրել Երևանի ուղղությամբ ՌԴ որոշ քաղաքներից թռիչքներ կատարելու թույլտվությունը։

Երեկ հայտնի դարձավ, որ ավիաընկերությունը հետ է կանչել 67 ուղղությամբ թռիչքներ իրականացնելու թույլտվությունը, դրանց շարքում է նաև Երևանը։

««Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերությունն ինքնուրույն է հետ կանչել որոշ ուղղություններով թռիչքներ կատարելու թույլտվությունը` երթուղային ցանցի կատարելագործման նպատակով։ Այդ քայլերը ձեռնարկվել են ավիաընկերության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով և չեն ազդի գործունեության ծավալի կամ մատուցող ծառայությունների որակի վրա», – Sputnik Արմենիային ասաց ընկերության մամուլի քարտուղար Վերա Գասնիկովան։

Թույլտվությունը հետ է կանչվել այն ուղղություններով, որոնք նախկինում չեն իրականացվել, քանի որ թույլտվություն ստանալը դեռ չի նշանակում, որ անպայման նման չվերթեր կլինեն։

«Ուրալյան ավիաուղիները» հետ է վերցրել ՌԴ մի շարք քաղաքներից Երևան թռչելու թույլտվությունը

Հաղորդագրությունում նշվում է, որ թռիչքների թույլտվությունն անհրաժեշտ փաստաթուղթ է` նման չվերթերի պլանավորումը սկսելու համար։ Բայց չվացուցակում այդ չվերթերը ներառելը կախված է շատ գործոններից` տնտեսական իրավիճակից և ուղղության պահանջարկից։

Ռոսավիացիայի հրամանագրում նշվում է, որ ընկերությունը հետ է կանչել Բառնաուլից, Վոլգոգրադից, Ուֆայից, Տոմսկից, Իրկուտսկից, Կրասնոյարսկից, Նովոսիբիրսկից, Օմսկից, Կազանից դեպի Երևան չվերթեր կատարելու թույլտվությունը։

Հետ կանչված միջազգային ուղղությունների շարքում են նաև Ղազախստանի, Ղրղըզստանի, Վրաստանի, Տաջիկստանի և Ադրբեջանի քաղաքները։

Տվյալ պահին ավիաընկերության ինքնաթիռները Հայաստանի մայրաքաղաքի ուղղությամբ չվերթեր են կատարում Սանկտ Պետերբուրգից, Սոչիից, Սամարայից, Եկատերինբուրգից և Կրասնոդարից։