Կառավարությունը նոր համաներում է ծրագրում. տաքսու վարորդները կազատվե՞ն տույժ–տուգանքներից

Կառավարությունն առաջարկում է ներել տաքսիստների կուտակած ավելի քան 200 մլն դրամի տուգանքներն ու տույժերը։ Սոցիալական խնդիր լուծող այս բարի նախաձեռնությունը տնտեսագետի համոզմամբ, կարող է նաև բացասական հետևանքներ ունենալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի — Sputnik, Նելլի Դանիելյան. ՀՀ կառավարությունը հայտարարել է, որ պատրաստ է ներել առանց լիցենզավորման տաքսի ծառայություններ մատուցած վարորդների տույժերն ու տուգանքները։

Իշխանությունը սարսափահար է, կամ ինչպես հիմա չեղարկել համաներումը

Իրավական նախաձեռնությունն արդեն հրապարակված է e-draft.am էլեկտրոնային հարթակում։

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության առաջարկած «Մի շարք վարչական իրավախախտումների և պետական տուրքի համար կիրառված տուգանքների համաներման մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է ներել 2016-2018 թթ–ին կայացված 3623 վարչական ակտերի համար նշանակված ու մինչ օրս չվճարված տուգանքները։

Ընդ որում, նախագծի հեղինակները նշում են, որ այդ վճարումները չեն կատարվել «սոցիալ-տնտեսական  ծանր պայմաններով պայմանավորված»:

Տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի դիտարկմամբ առաջարկվող նախագիծն իրականում  երկու կողմ ունի` սոցիալական և իրավական։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տնտեսագետը չհերքեց, որ կառավարության նախաձեռնությունը լուրջ սոցիալական ազդեցություն կունենա այդ սոցիալական խավի համար։

30 համաներվածները 42 նոր հանցագործություն են կատարել. Ոստիկանություն

«Տուգանքների արժանացած անձինք այն վարորդներն են, որոնք այդ աշխատանքով փորձել են լուծել իրենց ընտանիքների օրվա հացի խնդիրը։ Այդ մարդիկ, փաստորեն, շատ հաճախ ստիպված են եղել առանց լիցենզիայի տաքսի վարելով կամ օրենք խախտելով, սեփական ընտանիքը պահել`չունենալով այլ հնարավորություն»,– ասաց Ավետիսյանը։

Միաժամանակ, սակայն, համաներման որոշումը կարող է անարդար համարվել այն վարորդների նկատմամբ, ովքեր ժամանակին պարտաճանաչ կերպով կատարել են իրենց քաղաքացիական պարտավորությունները։

«Այդ մարդիկ, գուցե, ժամանակին նույն սոցիալական վիճակում գտնվելով, իրենց վաստակի մի մասն այդ մուծումներին են ուղղել»,– ասաց տնտեսագետը։

Սոցիալականից զատ, հարցը նաև իրավական ենթատեքստ ունի։ Թադևոս Ավետիսյանի դիտարկմամբ, պարբերաբար համաներումներ կիրառելով կառավարությունը հանրության մեջ ոչ այնքան դրական սպասումներ է ձևավորում։

Համաներում. ինչպե՞ս է այն ազդել Հայաստանում քրեական իրավիճակի վրա

«Տուգանքները նաև կանխարգելիչ նշանակություն ունեն։ Եթե համաներման ինստիտուտը կիրառվի առանց խորքային գնահատման, ապա դա կարող է հանգեցնել կանխարգելիչ ազդեցության նվազման։ Մարդկանց մոտ կառաջանան սպասումներ, որ նման համաներումներ էլի են լինելու, ու արդեն օրենքի պահանջը դառնում է երկրորդական»,– ասաց Ավետիսյանը։

Բացի այդ վարչական իրավախախտումների նկատմամբ համաներում հայտարարելով պետությունը քաղաքացիներին բյուջեի որոշակի եկամուտ է զիջում, ինչը, տնտեսագետի համոզմամբ, նշանակում է, որ պետությունը չպիտի բավարարվի միայն դրվագային լուծմամբ, այլ դրանից հետո նաև համակարգային լուծումներ մշակի։ Օրինակ` վերանայի տաքսիների լիցենզավորման գործող կարգն ու վճարումները, եթե գտնում է, որ դրանք սոցիալական խնդիրներ են առաջացնում։

Պաշտոնական տվյալներով 2016-18թթ–ին առանց լիցենզիայի տաքսի ծառայություններ մատուցելու համար կայացվել է  5078 վարչական ակտ, որից 2455-ը վճարվել է, 3623–ը` չեն վճարվել։

Հիշեցնենք, 2015 թվականին ընդունված լիցենզավորման կարգով տաքսի ծառայություն մատուցող վարորդների համար սահմանված ամսական տուրքը Երևանում 12 հազար դրամ է, հանրապետության մյուս՝ 49 քաղաքներում` 8000, 700 գյուղական համայնքներում՝ 5000, 183 սահմանամերձ բնակավայրերում`  4000 դրամ:

Այս կարգի ընդունումից հետո պաշտոնական տվյալներով լիցենզավորվել էր 7769 տրանսպորտային միջոց, որոնցից 5334-ը ֆիզիկական անձինք են, իսկ 165-ը` տաքսի ծառայություն մատուցող կազմակերպություններ՝ 2435 տրանսպորտային միջոցներով: