ԱԷԿ–ում ջրի հետ կապված խնդիրներ չեն լինի. ատոմակայանում արտեզյան հորեր են փորում

Ատոմակայանը մի շարք միջոցներ է ձեռնարկել ջրամատակարարման հարցը լուծելու համար։ Արտեզյան հորեր փորելու հետ մեկտեղ կբարձրացվի սառեցնող աշտարակների արդյունավետությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի — Sputnik. Հայաստանի ատոմակայանի ջրամատակարարման հարցը կլուծվի ստորգետնյա ջրերի հաշվին։ Այսօր լրագրողներին այս մասին ասաց ատոմակայանի տնօրենի խորհրդական Գերա Սևիկյանը «Հայաստանում ատոմային ոլորտի զարգացման հեռանկարները» կլոր սեղանի շրջանակում։

ԱԷԿ–ում ջրամատակարարման կարիք կա` գեներատորների տուրբինները սառեցնելու համար։ Սևջուր գետի (Արաքսի վտակը) ծանրաբեռնվածությունը չավելացնելու համար կայանը մի քանի արտեզյան հորեր կփորի իր տարածքում։

«Մենք արդեն հորատել ենք երեք ջրհոր, նախատեսվում է հորատել ևս տասը։ Դա ամբողջությամբ կբավարարի մեր պահանջմունքները», – ասաց Սևիկյանը։

Նշենք, որ այդ տարածքում շարունակվում են անօրինական ջրային տնտեսությունների գործունեության հետևանքով առաջացած ջրի գերծախսի ստուգումները։

Հայաստանի ատոմակայանն այս տարվա ընթացքում ամբողջությամբ կամ մասամբ չի աշխատի

Սառեցման համար ավելի քիչ ջուր վերցնելու համար կայանն օգտագործում է ոչ թե երկու, այլ սառեցման երեք աշտարակ (ընդամենը չորսն են)։ Դրանց արդյունավետությունը կբարձրացվի ռուսական վարկի շրջանակում վերանորոգում իրականացնելուց հետո։

ԱԷԿ–ի ժամկետի երկարացման աշխատանքն իրականացվում է Ռուսաստանի կառավարությունից ստացած 270 միլիոն վարկային գծով ու 30 միլիոն դոլարի դրամաշնորհով։ Աշխատանքը նախատեսվում է ավարտել 2019 թվականի վերջին կամ 2020 թվականին, իսկ կայանը կկարողանա գործել մինչև 2027 թվական։

Հայաստանի ատոմակայանը գտնվում է Մեծամորում` Երևանից 28 կմ հեռավորության վրա։ Մեր ատոմակայանը միակն է տարածաշրջանում։