ԵՐԵՎԱՆ, 19 մարտի — Sputnik. Բունդեսթագի փորձը շատ օգտակար կարող է լինել Հայաստանի Ազգային ժողովի համար: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ հանդիպման ժամանակ՝ արժևորելով Գերմանիայի խորհրդարանական ավանդույթները:
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել առավել հաճախակի դարձնել թե՛ պատգամավորների, թե՛ խորհրդարանների աշխատակազմերի փոխայցելությունները:
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի ղեկավարած պատվիրակությունը, որը պաշտոնական այցով մարտի 18-21-ը գտնվում է Գերմանիայում, այսօր՝ մարտի 20-ին հանդիպում է ունեցել Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ:
Ինչպես տեղեկացնում են Ազգային ժողովի աշխատակազմից, Բունդեսթագի նախագահն իր ողջույնի խոսքում նշել է, որ Գերմանիայում մեծ ոգևորությամբ են հետևել 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում ծավալված «թավշյա հեղափոխությանը»՝ ընգծելով, որ նման նախադեպ աշխարհում գոյություն չի ունեցել:
Հայաստանի խորհրդարանի ղեկավարն իր խոսքում գերմանացի գործընկերոջը ներկայացրել է նախորդ տարի Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության շարժառիթները, դրանց հաջորդած ժամանակաշրջանն ու դեկտեմբերին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որոնք արժանացել են միջազգային դիտորդների ամենաբարձր գնահատականին:
Զրույցի ընթացքում հայկական պատվիրակության անդամները և Վոլֆգանգ Շոյբլեն քննարկել են հայ-գերմանական օրակարգին վերաբերող մի շարք հարցեր՝ Գերմանիայի կողմից ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացում, վիզաների ազատականացում, եվրոպական երկրների աջակցություն Հայաստանում ենթակառուցվածքների զարգացման գործում:
Անդրադառնալով Հայաստանի և Գերմանիայի միջև գոյություն ունեցող մշակութային և կրթական կապերին՝ ԱԺ նախագահը գերմանացի գործընկերներին առաջարկել է դիտարկել մեր երկրում Հայ-գերմանական համալսարան հիմնելու հարցը, ինչն էլ ավելի կխորացնի երկու երկրների քաղաքացիների միջև հարաբերությունները:
Արարատ Միրզոյանը և Վոլֆգանգ Շոյբլեն պայմանավորվել են շարունակել կառուցողական երկխոսությունը և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկումն արդեն երեկոյան՝ ԱԺ նախագահի պատվին Բունդեսթագի ղեկավարի անունից տրվող պաշտոնական ընթրիքի ընթացքում: