Արմենուհի Մխոյան, Sputnik Արմենիա
ՏՏ ոլորտի խոշոր ընկերությունների ղեկավարներն իրենք են նշում՝ իրենց ընկերություններում մեծ է հատկապես գյումրեցի ծրագրավորողների, վեբ դիզայներների, ցանցային ադմինիստրատորների թիվը: Ինչո՞ւ են մասնագետները Հայաստանի 2–րդ քաղաքը թողած շտապում մայրաքաղաք։
«Վերջերս շատ լավ աշխատակիցներ եմ ընդունել, նրանց մեծ մասը Գյումրիից է։ Հարց է առաջանում՝ ինչու՞ այդ մարդիկ աշխատանք չունեն հայրենի քաղաքում և գալիս են Երևան, որտեղ իրենց խնդիրներին ավելանում է նաև բնակության խնդիրը: Մարզերում աշխատուժն էժան է, բայց խնդիրն այստեղ միայն էժան աշխատուժը չէ, այլ չօգտագործված պոտենցիալը: Երբ աշխատատեղ ենք ունենում, Երևանում ամիսներով փնտրում, չենք գտնում, իսկ Գյումրիում, պարզվում է` մարդը տանը նստած չգիտի` ինչ անի։ Նրան պետք է վերապատրաստել ու աշխատանք տալ»,-մեզ հետ զրույցում նշում է Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության նախագահ Արմեն Բադրյանը:
Գյումրեցի աշխատակիցներ շատ ունի նաև Հայաստանի ՏՏ ոլորտի ամենամեծ գործատուներից մեկը՝«Սինոփսիսը»: «Եթե չեմ սխալվում`«Սինոփսիսի» 10 աշխատակից Գյումրիից է, շատ լավ մասնագետներ են, բավական լավ հեղինակություն ունեցող»,-ասում է «Սինոփսիս» Արմենիա ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը:
Իսկ, թե ինչու է մայրաքաղաքը ձգտում ՏՏ ոլորտի մասնագետներին լավագույնս ներկայացնում են իրենք՝ վստահեցնելով, որ Գյումրիում ՏՏ մասնագետները քիչ են վճարվում:Սոնա Իսրայելյանը, որը մինչ Երևան մեկնելն աշխատում էր ամերիկյան ընկերություններից մեկում ու Գյումրիի չափանիշներով բավականին աշխատավարձ էր ստանում, ասում է, որ, այնուամենայնիվ, երևանյան ստարտափում իրեն եռակի են վճարում: «Լրիվ նույն բան եմ անում, ինչ Գյումրիում, բայց այստեղ 2 առավելություն կա։ Գյումրիում ՏՏ ընկերությունների մեծ մասի ղեկավարներն իրենց աշխատակից ընտրում եմ նաև այն ցանկությամբ, որ գոնե 3 տարի նրանք աշխատեն նվազագույն աշխատավարձով, ինչը ՏՏ ոլորտի համար անմտություն է։ 18 ժամ համակարգչ առջև` 60 հազար դրամով, ինչքանով է սա խելամիտ, իսկ Երևանում սկսնակները նվազագույն 120 հազար դրամ են ստանում»,-ասում է Սոնան։
Բայց սա երիտասարդ ծրագրավորողի` Երևան գալու միակ պատճառը չէ, հաջորդ` ոչ պակաս կարևորը գործոնը մասնագիտական աճի հնարավորությունն է: «Գյումրին շատ լավ տրամպլին է սկսնակ մասնագետների համար, բայց մարզերում ՏՏ ոլորտում քիչ են բարձ մակարդակի մասնագետները, նրանք, ովքեր կկարողանան սկսնակներին ավելին տալ: Ես հիմա ստիպված եմ Երևանում բնակարան վարձակալել, բայց նույնիսկ այդ դեպքում, սա ճիշտ որոշում է: Չեմ թաքցնի`այլ երկրներից լավագույն առաջարկների դեպքում, նույնիսկ Երևանից եմ պատրաստ մեկնել»,–նշում է աղջիկը:
Սրան զուգահեռ, այնուամենայնիվ, կան ընկերություններ, որոնք փորձում են ամեն ինչ անել գյումրեցի մասնագետներին հայրաքաղաքում պահելու համար: Ընդամենը 1 տարվա գործունեություն ծավալող IT SPACE ընկերության ղեկավար Կարեն Գասպարյանը վստահեցում է ՝ 13 աշխատող ունեն, ունեն նաև նոր ծրագրեր, որոնք լրացուցիչ 10 աշխատատեղ կստեղծեն: Կարենն էլ է գիտի՝ գյումրեցուն հայրենի քաղաքում կպահի լավ աշխատավարձն ու լավ մթնոլորտը: Ասում է ՝իր ղեկավարած ընկերությունում միջին աշխատավարձը 200 հազար դրամ է, իսկ լավագույն ձեռքբերումն այն է, որ իր ուսանողը, որը ժամանակին մեկնել էր Երևան, կրկին վերադարձել է Գյումրի:
Ինչպես Սոնան, այնպես էլ Գյումրիից Երևան մեկնած շատ այլ երիտասարդներ պատրաստ են հայրենի քաղաք վերադառնալ, եթե լուծվեն աշխատավարձի և մասնագիտական աճի խնդիրները: Sputnik Արմենիան շատերի հետ զրուցեց , քչերն են գոհ Գյումրիում ՏՏ ոլորտի հնարավորությունից, բայց, ամեն դեպքում, շարունակում են աշխատել ՝այլընտրանքի բացակայության պատճառով: