Սերժ Սարգսյանի ցուցմունքները հրապարակելու համար թերթի նկատմամբ քրեական գործ է հարուցվել

«Ժողովուրդ» օրաթերթը հատվածներ է հրապարակել ՀՀ երրորդ նախագահի նախաքննական ցուցմունքից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի — Sputnik. ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում հրապարակված հոդվածի հիման վրա։ Այս մասին հայտնում է ՀՔԾ–ի մամուլի ծառայությունը։

Բանն այն է, որ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա` մարտի 16–ի համարում տպագրվել է «Սերժ Սարգսյանն էլ 0038 հրամանը կարձակեր. Մարտի 1-ի գործով Սերժ Սարգսյանի ցուցմունքը» վերտառությամբ հոդված, որում հրապարակվել են ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի` որպես վկա հարցաքննության արձանագրություններից հատվածներ:

«Նկատի ունենալով, որ կատարվածում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ` ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից 16.03.2019թ.-ին հարուցվել է քրեական գործ»,– հայտնում է Հատուկ քննչական ծառայությունը։

Ըստ ՀՔԾ–ի` օրաթերթն առաջին անգամ չէ, որ նախաքննական գաղտնիք պարունակող նյութեր է հրապարակում, ինչի իրավական հետևանքների մասին մարտի 15-ին զգուշացվել է։

Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ

Նշենք, որ Քրեական օրենսգրքի հիշյալ հոդվածը վերաբերում է նախաքննության կամ հետաքննության տվյալները հրապարակելուն, որն արվում է առանց դատախազի, քննիչի կամ հետաքննություն կատարող անձի թույլտվության։

Այս արարքի համար Քրեական օրենսգրքով նախատեսվում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանք՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով: