Ինչպես է Ջորջ Ավագյանն իր անունը գրել պատմության մեջ

Գևորգ Ավագյանը Ջորջ է դարձել Նյու Յորքում, որտեղ հայտնվել է 1923թ–ին: Ընտանիքի հետ ԱՄՆ է հասել Թիֆլիսից։ Հենց այդ անվան տակ էլ աշխարհը ճանաչել է ջազի խոշորագույն պատմաբանին, պրոդյուսերին ու մանկավարժին։ Եթե ևս մեկուկես տարի էլ ապրեր, 2019թ–ի մարտի 15–ին կտոներ իր մեկդարյա հոբելյանը։ 80 տարեկանում նա Երևանում մասնակցել է ջազ փառատոնին։
Sputnik

Ջորջ Ավագյանը սովորել է Յելի համալսարանում և ստաժավորում անցել Columbia ընկերությունում, փորփրել արխիվները, համակարգել դրանք, կարգի բերել։ Այդ աշխատանքը նրան շատ է դուր եկել, երազել է առաջ գնալու մասին, բայց սկսվել է Երկրորդ աշխարհամարտը։

Այս հայուհին ԱՄՆ–ում դարձել է առաջինը. ինչպես է Տեր–Վարդանյանը նվաճել ամերիկյան նավատորմը

«Չգիտեմ, թե ինչը ինձ դրդեց, բայց ես իսկույն կամավոր գրվեցի` բանակ գնալու համար և զորացրվեցի միայն 1946թ–ին։ Երբ վերադարձա, ամուսնացա համերկրացուս` Անահիտ Աճեմյան անունով չքնաղ աղջկա, պրոֆեսիոնալ ջութակահարուհու հետ։ Իսկ հետո վերադարձա արխիվներ։ Բայց այստեղ արդեն ամենի ինչ ծանոթ էր ինձ, և ես վերահրատարակություններից բացի, սկսեցի աստիճանաբար զբաղվել ձայնագրությունների պրոդյուսերությամբ, համերգներ, նկարահանումներ կազմակերպելով։ Ինձ բախտ է վիճակվել համագործակցել մեծագույն երաժիշտների հետ։ Ո՞ւմ հետ։ Դե, օրինակ, Էդիթ Պիաֆի», – գրել է Ավագյանն իր հուշերում։

Լինելով ինքնուս` նա նորարար–հեղափոխական է դարձել ձայնագրման ինդուստրիայում. սկսել է վերահրատարակել դասական ջազը։ Արդեն պատմություն դարձած պատմությունների վերաթողարկումից հետո բազմաթիվ անգամ օգնել է բացահայտել աշխարհահռչակ ջազմենների տաղանդը. Մայլս Դևիսը և Դեյվ Բրուբեքը միայն երկուս են այդ լեգեոնից։

Ջորջ Ավագյանը դարձել է Columbia Records–ի փաստացի ստեղծողը` ներկայացնելով ձայնագրության նոր ձևաչափ` երկար նվագող ձայնասկավառակներ։ Մինչև մահը մնացել է ջազի առաջատար մասնագետ և գրեթե բոլոր հայտնի ջազային երաժիշտների մտերիմ ընկեր։ Ավագյանը թողարկել է ալբոմներ, որոնք լրջորեն ազդել են Արմսթրոնգի ու Դյուկ Էլինգտոնի կարիերայի աճի վրա, 1961թ–ին թողարկել է Bill Haley & His Comets ձայնասկավառակը Warner Bros Records ընկերությունում, ինչպես նաև Բոբ Նյուհարթի առաջին ալբոմը, որը «Գրեմմիի» է արժանացել։

Իրանի քանդակագործության մայրը. ինչպես Լիլիթ Տերյանը գրավեց Թեհրանը

Ավագյանի համար ջազը նաև դիվանագիտություն է դարձել. դրան նպաստել են միջազգային շրջագայությունները, այդ թվում` ԽՍՀՄ Բենի Գուդմենի հետ։ Մի անգամ նրանց հարցրել են, թե ինչու են ջազային կատարողները հայտնվում խորհրդային բանտերում, նա հետաքրքիր պատասխան է տվել. «Հավանաբար այն պատճառով, որ նրանք ամերիկացիների նման լավ չեն նվագում»։

ԽՍՀՄ շրջագայության մեկնելու որոշումն ընդունվել է Վաշինգտոնի վերին օղակներում։ Ավագյանը պատմել է, որ Գուդմենին հարցուփորձ են արել իր քաղաքական հայացքների մասին, բայց արագ հասկացել են, որ նա և քաղաքականությունն անհամատեղելի բաներ են, և հանգիստ սրտով թողել են ԽՍՀՄ։ Ամբողջ խմբին զգուշացրել են, որ նրանք իրենց պատշաճ կերպով պահեն և ոչ մի սկանդալներ թույլ չտան։

Զարմանալի է, որ հսկայական պատվիրակությունից ոչ մեկի հետ նման խնդիրներ չեն եղել, թեև այնտեղ եղել են, Ավագյանի բնորոշմամբ, սանձարձակ տղաներ, որոնք միշտ արել են այն, ինչ խելքներին փչել է։ Իսկ շատերը նույնիսկ ընկերացել են խորհրդային գործընկերների հետ։

Տանում էր, ոչ թե վարում. ինչպիսին էր Հայաստանի առաջին մեքենավար կինը

«Ես հիանալի տղաների հետ եմ ընկերացել` Օլեգ Լունդստրեմի, Յուրի Սաուլսկու և հատկապես Ալեքսեյ Բատաշովի հետ, որի շնորհիվ մեր առաջ շատ դռներ են բացվել։ Մենք ցույց տվեցինք, որ ամերիկացիները հրեշ չեն։ Դա շատ կարևոր էր ամերիկյան կառավարության համար, որովհետև այդ ժամանակ ԱՄՆ–ի և ԽՍՀՄ–ի հարաբերություններն այդքան էլ լավ վիճակում չէին։ Խորհրդային երաժիշտները համերգից հետո մի քանի անգամ ամերիկացիներին տարել են ակումբներ և այնտեղ միասին ժամերով նվագել, բայց Բեննին երբեք չի մասնակցել դրանց, և ենթադրում եմ, որ նույնիսկ չի իմացել այդ մասին։ Ես մի քիչ անհանգստացա մեկնելուց առաջ, որովհետև միակ մարդն էի խմբից, որը ծնվել էր Խորհրդային Միությունում, և ինձ թվում էր, որ այդ պատճառով իշխանությունները կարող են ինչ–որ սադրանք սարքել իմ դեմ։ Հայրս զգուշությամբ էր վերաբերվում խորհրդային իշխանություններին և նախազգուշացրել էր ինձ, որ շուրջբոլորս նայեմ և հեռու մնամ կասկածելի գործերից», –այդ ուղևորությունը հիշել է Ավագյանը։

Տարիներ անց Ջորջ Ավագյանը դառնում է Listen to My Heart ալբոմի պրոդյուսերը, որը համաշխարհային ճանաչում է բերում Տաթևիկ Հովհաննիսյանին. դա առաջին հայկական վոկալային ալբոմն էր` էթնո ջազ ոճով։

Սահմանապահի գաղտնիքը. ինչպե՞ս է 93–ամյա Սերգեյ Հովհաննիսյանը հիանալի հիշողություն պահպանել

1990թ–ի գարնանն Ավագյանին զանգահարել են խորհրդային դիվանագիտական ներկայացուցչությունից և հրավիրել ինչ–որ միջոցառման, նա կարգին չի էլ հասկացել, թե ինչպիսի։ Գնացել է ու տեսել ամերիկյան և խորհրդային լրագրողների խմբին և նույնիսկ ԱՄՆ—ում ԽՍՀՄ դեսպան Յուրի Դուբինինին։

Խորհրդային դեսպանը մոտեցել է Ավագյանին, դահլիճում քար լռություն է տիրել, և Դուբինինը Լևիտանի ձայնով հայտարարել է. «ԽՍՀՄ–ի և ԱՄՆ–ի միջև մշակութային կապերն ամրապնդելու համար խորհրդային կառավարությունը որոշել է ձեզ պարգևատրել ԽՍՀՄ բարձրագույն պարգևով` Լենինի շքանշանով»։

«Եթե ասեմ, որ ես զարմացած էի, շատ մեղմ կհնչի», – հետո անընդհատ կրկնել է Ավագյանը։

Ջորջ Ավագյանի անունը հավերժացել է Ջազի փառքի պատում։