Հայ խոհարարները վճռական են տրամադրված. աշխարհը նորովի կփորձի հայկական տոլման

Հայկական խոհանոցը և խոհարարները շուտով նորովի կներկայանան աշխարհին։ Կգործարկվի միասնական խոհարարական ապրանքանիշ և կստեղծվի ազգային ակադեմիա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայաստանում կստեղծվի ազգային խոհարարական ակադեմիա, որը թույլ կտա որակապես նոր մակարդակի բարձրացնել հայկական խոհարարությունը։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը։

Հայ խոհարարները վճռական են տրամադրված. աշխարհը նորովի կփորձի հայկական տոլման

Ակադեմիան կգործարկվի Սեդրակ Մամուլյանի անվան խոհարարական ստուդիայի հիման վրա, որն այսօր բացվել է Երևանում։

Հարիսա, խաշ և տոլմա. Սան Ֆրանցիսկոն ծանոթանում է հայկական խոհանոցին

«Մենք ամեն ինչ ունենք ազգային խոհարարական ակադեմիա ստեղծելու համար։ Դա թույլ կտա նախապատրաստել ավելի բարձր մակարդակի խոհարարների, որոնք կհամապատասխանեն միջազգային չափանիշին», – ասաց Մամուլյանը։

Նրա խոսքով` այս ճանապարհին առաջին փուլը խոհարարական ակադեմիայի բացումն է։ Ցանկացողները երեք ամսվա ընթացքում յուրացնում են խոհարարության գաղտնիքները` սկսած ճաշատեսակների անվանումներից, վերջացրած մթերքների մշակման ճիշտ մեթոդով և տեխնիկայի ուսումնասիրությամբ։ Դասընթացների ավարտին ուսանողները կարող են հեշտությամբ աշխատանքի անցնել` որպես խոհարարի օգնական։

Հայ խոհարարները վճռական են տրամադրված. աշխարհը նորովի կփորձի հայկական տոլման

Մամուլյանը և նրա թիմը 5 տարի պատրաստվել են ստուդիայի բացմանը` անցկացնելով տարբեր փորձեր։ Դասընթացների ծրագիրը կառաջարկվի պետական կրթական համակարգին։

Ի դեպ, այս փուլում խոհարարները Մամուլյանի գլխավորությամբ ավարտել են ճաշատեսակների ցուցակի ձևավորման փուլը միասնական ազգային խոհարարական ապրանքանիշի համար։ Ազգային ճաշատեսակների ցուցակ կազմելու որոշումը, որոնք ազգային ապրանքանիշ կդառնան և կներկայացվեն աշխարհին, ընդունվել է 2018թ.–ի դեկտեմբերին հասարակական կազմակերպության 5–րդ համագումարում։

Խոշոր նախագիծ. հայ խոհարարները զբաղվում են տոլմայի և ժենգյալով հացի հանրահռչակմամբ

Մամուլյանի թիմն ավելի քան հազար հայկական ավանդական ճաշատեսակներից ընտրել է 35–ը։ Այնպիսի բաղադրատոմսեր են ընտրվել, որոնք արտացոլում են հայկական խոհարարության ոգին և յուրահատկությունը, ինչպես նաև հեշտ են պատրաստման մեջ` տոլմա, ղափամա, քալագյոշ, հարիսա, ժինգյալով հաց և այլն։

Ցուցակի մեջ մտել են տաք ճաշատեսակներ, նախաճաշեր, աղանդերներ, սառը նախուտեստներ։ Մամուլյանի թիմը պատրաստվում է հասնել նրան, որ այս կամ այն ճաշատեսակի անվանումը նշելիս աշխարհում միանգամից իմանան, որ այն հայկական է։

Հաջորդ փուլը ցուցակը Հայաստանի իշխանություններին ներկայացնելն է։

Հայ խոհարարները վճռական են տրամադրված. աշխարհը նորովի կփորձի հայկական տոլման

Հիշեցնենք, որ հասարակական կազմակերպությունը գործում է արդեն 11 տարի։ Մամուլյանը հավաքել է համախոհներին, որոնց շարքում եղել են խոհարարներ, ռեստորատորներ և շեֆ խոհարարներ Ռուզաննա Նահապետյանը, Արտավազդ Սարուխանյանը, Գարիկ Գևորգյանը, Գրիշա Անտինյանը։

Նրանց գործունեությունը սկսվել է ավանդական հայկական ճաշատեսակների ուսումնասիրությունից, որոնք մատուցվել են սեղանին ժողովրդական և կրոնական տոների ժամանակ։ Բաղադրատոմսերի համար շրջել են երկրի մարզերով։ Բացի այդ, կազմակերպության մասնագետները համայնքների և դեսպանատների աջակցությամբ ուսումնասիրել են տարբեր երկրներում գտնվող արխիվները։