Ի՞նչ են որոշել գազավորված ըմպելիք արտադրողները և ֆիննախի ներկայացուցիչները

Ֆինանսների նախարարությունը նշում է առաջարկվող փոփոխությունների երկու պատճառները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի — Sputnik. Եթե ֆինանսների նախարարությունն ընդառաջ գնա մեր առաջարկներին, ապա կշարունակենք աշխատել բնականոն հունով, իսկ եթե ոչ` կշարունակենք բողոքի ակցիաները` Սահմանադրության ընձեռած հնարավորությունների շրջանակներում։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Հայ կոլա» ընկերության տնօրեն Տիգրան Հովսեփյանը։

Հիշեցնենք, որ այսօր առավոտից կառավարության մուտքի մոտ էին հավաքվել գազավորված ըմպելիքներ արտադրող փոքր և միջին ձեռնարկությունների աշխատակիցները`բողոքելով հարկային օրենսգրքում ֆինանսների նախարարության առաջարկած փոփոխությունների դեմ, որով նախատեսվում է շուրջ 5 տոկոսով ավելացնել 1 լիտրի համար կիրառվող հարկը։

Դըմփ–դըմփ–հու. գազավորված ըմպելիքի արտադրողները բողոքի ակցիա անցկացրին կառավարության առջև

«Հայ կոլայի» տնօրենը տեղեկացրեց, որ այսօր իրեն և ևս 3 այլ ընկերությունների ներկայացուցիչների ընդունել է ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը։ «Մենք ներկայացրեցինք, որ իրենց առաջարկած փոփոխությունների դեպքում փոքր և միջին բիզնեսը կսննկանա և ուղղակի կվերանա։ Այս ամենի հետևանքով շուկան ուղղակի կմոնոպոլիզացվի։ Կարծում եմ` փոխնախարարը մեր մտահոգությունները լիովին ըմբռնեց»,–ասաց Հովսեփյանը։

Նա նշեց նաև, որ բավական երկար զրույցի, քննարկման արդյունքում որոշվել է` վաղն իրենք կզանգահարեն ֆինանսների փոխնախարարին, որպեսզի իմանան նախարարության դիրքորոշումը։

Ֆինանսների նախարարությունից էլ, տեղեկացնելով կայացած հանդիպման մասին, ավելացնում են, որ փոխնախարար Արման Պողոսյանը նշել է` այդ փոփոխությունն առաջարկվում է 2 նկատառումներից ելնելով։ «Առաջինը ֆիսկալ նպատակն է, որի հիմքում լրացուցիչ հարկային եկամուտների ավելացումն է։ Սա հնարավորություն կընձեռի մասնակիորեն փոխհատուցել ուղղակի հարկերի նվազեցման արդյունքում առաջացող պետական բյուջեի հարկային եկամուտների կորուստը: Երկրորդ պատճառն էլ առողջապահական նկատառումներն են, ըստ որի վնասակար ապրանքների սպառման ծավալների կրճատման պետք է գնալ»,–նշված է ֆինանսների նախարարության հայտարարության մեջ:

Հայաստանի պաշտոնյաներին թույլ չեն տա «հովանավորել» մաքսային բրոքերներին

Արման Պողոսյանի խոսքով` առաջարկվում է հարկային փոփոխությունների փաթեթային տարբերակ. նախագծով իջեցվում են ուղղակի հարկերը՝ փոխարենը բարձրացնելով անուղղակիները, այսինքն՝ հարկային բեռն ուղղակի հարկերից տեղափոխվում է անուղղակի հարկման դաշտ:

Նշվում է նաև, որ քննարկման արդյունքում ձեռք է բերվել համաձայնություն, որ ֆինանսների նախարարությունը ընկերությունների ներկայացված առաջարկները քննարկի նաև շահագրգիռ այլ գերատեսչությունների հետ և վաղը՝ մարտի 12- ին, արդյունքները ներկայացնի ընկերությունների ներկայացուցիչներին։

Ի դեպ, Հարկային օրենսգրքի նոր փաթեթով նախատեսվում է 2020 թ. հունվարի 1-ից բարձրացնել էթիլային սպիրտի, օղու (բացառությամբ պտուղներից և հատապտուղներից պատրաստված օղու), գարեջրի և IQOS տեխնոլոգիայի ծխախոտի արտադրանքի մասով ակցիզային հարկի դրույքաչափերը, 2020 թ. հունվարի 1-ից ակցիզային հարկով (1 լիտրի համար՝ 30 դրամ) հարկել նաև գազավորված՝ ոչ ալկոհոլային ըմպելիքները (բացառությամբ հանքային ջրերի):