Էդվարդի հայրը` Բեդրոս Ջերեջյանը, այն սարսափելի տարիներին Հաճնում փախավ թուրքական յաթաղանից. այսօր այդ քաղաքը թուրքական անվանում ունի և գտնվում է ներկայիս Թուրքիայի հարավում։ Սիրիան շատ մոտ հեռավորության վրա էր, և Բեդրոսը հայտնվեց Հալեպում, որտեղ նրան ապաստան տվեց արաբական մի ընտանիք` սնունդ ու տանիք տրամադրելով թեթև տնային աշխատանքի դիմաց։
Այնտեղ` Սիրիայում, Բեդրոսը կարող էր ընդմիշտ մնալ, սակայն ամեն ինչ փոխեց մի դիպված։ Բեդրոսն իմացավ, որ Հալեպում բնակվող թուրք սպաներից մեկի հարեմում երկու հայուհի կա. նա որոշեց փրկել նրանց և փախցրեց հարեմից։
Այնուհետև աղջիկներն անհետացան, սակայն շուտով հայտնվեց նրանց եղբայրը, որը Ամերիկայում էր ապրում. անհավանական ձևով նա հաջողացրել էր Հալեպում գտնել Բեդրոսին և, որպես քույրերին փրկելու շնորհակալություն, աջակցեց Նահանգներ նրա էմիգրացիային։ Այնտեղ` Մասաչուսեթս փոքրիկ քաղաքում, Բեդրոսը նպարեղենի խանութ բացեց. կյանքը կարգավորվեց, նա ամուսնացավ, կարելի էր մտածել նաև երեխաների մասին։
«Ծնողներս ինձ ու եղբորս համար ուզում էին այն ամենը, ինչ երբեք իրենք չեն ունեցել։ Նրանք ինձ կրթության տվեցին, լավագույնը, որ կարող էին թույլ տալ իրենց, և մշտապես ոգեշնչում էին ինձ հաջողության հասնել, ձգտել լինել առաջինը», – երախտագիտությամբ ասում էր Էդվարդը։
Կրտսեր Ջերեջյանն աշխատել է ԱՄՆ 8 նախագահների հետ, Պետդեպում, դեսպանատներում, հիմնականում Մերձավոր Արևելքում։ 1989 թվականին Դամասկոսում նա որպես Ամերիկայի դեսպան հավատարմագրեր է հանձնում Սիրիայի առաջնորդ Հաֆեզ Ասադին և նրան պատմում պատմություն այն մասին, թե ինչպես է իր հայրը հայտնվել ԱՄՆ–ում։ Ասադին պատմությունը շատ էր հետաքրքրել, հետագայում հիշում էր Ջերեջյանը։
1991 թվականին ավարտվեց ԽՍՀՄ–ում ԱՄՆ դեպսան Ջեք Մեթլոքի աշխատանքի ժամկետը։ Մեթլոքն անձամբ նշեց իրեն փոխարինող թեկնածուի անունը. հնչեց Էդվարդ Ջերեջյանի անունը։ Եթե Խորհրդային Միությունը մի քանի ամիս շուտ փլուզվեր, հավանական է, որ Ջերեջյանն իսկապես Ռուսաստանում ԱՄՆ դեսպան դառնար (1970-ականներին նա արդեն աշխատում էր Միությունում որպես ամերիկյան դիվանագիտական առաքելության առաջին քարտուղար)։ Սակայն Մոսկվա դեսպանի կագավիճակում նա այնպես էլ չժամանեց. ազգությամբ հայի նշանակումով մտահոգվել էր վերակառուցման ժամանակաշրջանի խորհրդային մամուլը, որին Վաշինգտոնում մեծ նշանակություն էին տալիս։ Մասնավորապես, արձագանքելով Ջերեջյանի թեկնածության ընտրությանը «Կոմսոմոլսկայա պրավդայի» մոտ հարց էր առաջացել, թե արդյո՞ք ԱՄՆ–ն հաշվի առել է, թե ինչպես այս նշանակումը կանդրադառնա հայ–ադրբեջանական հարաբերությունների վրա։ 1991 թվականին երկու խորհրդային հանրապետությունների սահմանին և Արցախում արդեն զինված բախումներ էին ընթանում։
Դրան արձագանքեց ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ ավագը` փոխարինելով Ջերեջյանին Ռոբերտ Ստրաուսով։ Էդվարդ Ջերեջյանը, սակայն, չտուժեց` ստանալով մերձարևելյան հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի ոչ պակաս կարևոր և պատասխանատու պաշտոնը։
Ջերեջյանը բազմիցս էր Հայաստան այցելել, վերջին անգամ Հայաստանում եղավ 2016 թվականին որպես «Ավրորա» մրցանակաբաշխության հյուր։
«Կարծում եմ, որ Հայոց ցեղասպանության զոհերի ինքնազգացումից պետք է անցում կատարենք հայկական մշակույթի, հայ ժողովրդի և հայերի ապագային, որտեղ էլ, որ գտնվեն այդ հայերը», – ասաց նա այդ օրերին` համոզմունք հայտնելով, որ արտաքին և ներքին գործերում Հայաստանին նոր ռազմավարություն է անհրաժեշտ։
Այդ իրավունքը նա ունի որպես մեծ փորձ ունեցող տարածաշրջանի հարցով մասնագետ, ինչպես նաև որպես հայ, որը չի մոռանում այդ մասին և ընդգծում է այդ հանգամանքը։
Էդվարդ Ջերեջյանը մի օր հիշում էր ԽՍՀՄ իր առաջին այցելությունը։ Երբ նրան ներկայացնում էին Միկոյանին, նա, ձեռքը մեկնելով, ողջունեց Անաստաս Միկոյանին հայերենով։ Ինչ պատասխան էր տվել Միկոյանը հայտնի չէ, սակայն նա հազիվ թե զարմացած լիներ։