Բռնությունը նետենք աղբարկղը. կստացվի՞

Sputnik Արմենիայի սյունակագիրը անդրադարձել է Երևանում արձանագրված աննախադեպ միջադեպին, երբ մի խումբ երիտասարդներ փորձել էին քաղաքացուն իր կամքին հակառակ տեղափոխել՝ նպատակ ունենալով գցել նրան աղբարկղի մեջ:
Sputnik

Օրինապահությունն ու օրինականությունը կիսատ չեն լինում. կամ կան, կամ չկան:

Նիկոլ Փաշինյանը դատապարտում է բռնությունը. նա գրառում է արել Facebook–ում

Որովհետև կիսատ տարբերակով դրանք արդեն այլ ու հասարակական օրգանիզմը խեղումների տանող երևույթների են վերածվում: Նմանապես՝ հնարավոր չէ դեմ լինել բռնությանը, բռնությամբ հարցեր լուծելուն, բայց… ըստ նպատակահարմարության:

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook.com կարևոր կոչ էր արել՝  մասնավորապես ընդգծելով, որ Հայաստանում բռնությամբ հարցեր լուծելու որևէ փորձ պետք է արժանանա կոշտ իրավական հակազդեցության:

Քանի որ դրանից ժամեր առաջ բռնության մեկ դեպք էր եղել, որը լայն հնչեղություն ստացավ, շատերը միարժեքորեն հետևություն արեցին, որ Նիկոլ Փաշինյանը հենց այդ միջադեպի առիթով է այդպես արձագանքել:

Բլոգեր Նարեկ Մալյանին փորձել են գցել աղբամանը. տեսանյութեր

Հիշեցնենք, որ մարտի 3-ի կեսգիշերին մոտ «ԵՊՀ ռեսթարթ» նախաձեռնության մեկ տասնյակի չափ անդամներ Դավիթ Պետրոսյանի գլխավորությամբ հարձակվել էին «Ես համալսարանական եմ» նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանի վրա, նրա կամքին հակառակ բռնել ձեռքերն ու ոտքերը, բռնություն գործադրելով մի որոշակի տարածք տարել այդպես՝ աղբարկղը նետելու նպատակով, սակայն դեպքին ականատես ոստիկանության աշխատակիցները կանխել էին այդ քայլը: Միջադեպի մասնակիցներն էլ բերման էին ենթարկվել  ոստիկանության բաժին:

Այդ եղելության համատեքստում վարչապետի՝ բռնությամբ հարցեր լուծելու որևէ փորձ կոշտ իրավական հակազդեցության արժանացնելու վերաբերյալ կոչն, իհարկե, տեղին է: Բայց ի՛նչն է հետաքրքիր. Նիկոլ Փաշինյանի հենց այդ գրառման տակ, ավելի քան երկուհարյուր մեկնաբանությունների մի որոշակի մասը ուղղված են… բռնությունն արդարացնելուն:

Չի կարելի հավատալ Փաշինյանի հայտարարություններին. Քոչարյանը` Ղարաբաղյան խնդրի մասին

Այսինքն, որ տասը հոգով մեկին, կներեք, «կալմեջ» են արել, ու մարմնական վնասվածքներ չեն պատճառել, այլ առևանգելու նման տարել են, որ անձի արժանապատվությունը նվաստացնող քայլ կատարեն, դա ըստ որոշ արձագանքողների, բռնություն չէ, իսկ եթե բռնություն է, ապա՝ բռնության ենթարկվողի անձի հանդեպ իրենց բացասական վերաբերմունքից ելնելով. նրանք դա արդարացված են համարում: Ըստ որում, այդպես արտահայտվողները, նկատելի է, գործող իշխանության կողմնակիցների շարքերում են:

Չնայած, եթե իսկապես իշխանության կողմնակից լինեին, ապա միգուցե կհասկանային, որ բռնության անընդունելիության  վերաբերյալ պետության ղեկավարի կոչի տակ ամենևին չարժե թողնել իրենց անզուգական մեկնաբանությունները…      բռնության ընդունելի լինելու վերաբերյալ կամ այն արդարացնելուն միտված :

Ի դեպ, «կոշտ արձագանքելու» մասին: Ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց միջադեպի վերաբերյալ՝ նշելով, որ բերման ենթարկված անձիք բաց են թողնվել, նախապատրաստվում են նյութեր:

Լավ են անում, որ նյութեր են նախապատրաստում, բայց մինչ այդ, «Ռեսթարթի» նույն ներկայացուցիչները տարածեցին տեսանյութ, որտեղ պատկերված էր իրենց «սխրագործությունը», մինչև՝ ոստիկանության աշխատակիցների մոտենալու դրվագը:

Կառավարությունը ձախողել է արտաքին քաղաքականության գրեթե բոլոր կետերը. Արմեն Աշոտյան

Այսինքն, հրապարակավ ընդունել են, որ բռնություն են գործադրել, իրենք էլ հրապարակավ ներկայացրել են դա ապացուցող տեսանյութը: Նման վարքը կարծես չի խոսում վարչապետի հայտարարած կոշտ արձագանքելու օգտին: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունը դեպքի առիթով քրեական գործ է հարուցել` մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից խուլիգանության հատկանիշներով: 

Նշենք նաև, որ Արցախի նախկին ՄԻՊ, Հայաստանի արդարադատության նախկին փոխնախարար Ռուբեն Մելիքյանը, որը նույնպես մասնակցում էր «Ես համալսարանական եմ» նախաձեռնությանը, Facebook-ի գրառմամբ նկատել է. «Մեր իրավապահ համակարգը պետք է արձագանքի արագ և օրենքի սահմաններում խիստ: Եթե պետությունը ճանաչի մարդու նկատմամբ իր տան շեմին ոտնձգություն գործելու քրեական իրավաչափությունը, ապա հետևանքները կլինեն անկանխատեսելի»:

Սուրենյանց. «Նիկոլ Փաշինյանի վարկանիշի անկումը կարող է խորանալ, եթե...»

Ի դեպ, ևս մեկ նկատառում. եթե որևէ մեկը, ասենք, նույն Նարեկ Մալյանը իր հրապարակային գործունեությամբ վիրավորել է այս կամ այն անձնավորությանը, ապա կա իրավական, օրինական ու դատական ճանապարհը, վերջիվերջո:

Իսկ այսպես կարող է ստացվել, որ մարդկանց մի խմբին կարող է դուր չգալ մեկ այլ խմբի կամ որևէ քաղաքացու ասածը կամ արարքը, ու այդ «հենքով» այն առաջին խումբը որոշի «հարցեր լուծել», մեծ հաշվով՝ դիմել ինքնադատաստանի: Բայց դա երկսայր սուր է: Ինքնադատաստանը, նկատենք, ինքնապաշտպանության խթանիչներից մեկն է: Հետո էլ, ասենք, այն երկրորդ խումբն է որոշում առաջինների «հարցերը լուծել»: Եվ երբ դա դառնում է տիրապետող երևույթ, ապա հասարակությունը սկսում է ինքնակազմաքանդվել, իսկ պետությունը, որպես այդպիսին, դադարեցնում է գոյությունը՝ վերածվելով անարխիայով ու ամենաթողությամբ ներծծված տարածքի, իսկ դա ամենից վտանգավոր կամ ինչպես հաճախ ասում են՝ «անկանխատեսելի» հետևանքը կարող է լինել: