«Փող չկա, սպասե՛ք». Երևանի քաղաքապետը հրաժարվո՞ւմ է խոստումներից

Երևանի քաղաքապետարանն իր կայքում 2018թ–ին կատարած աշխատանքների հաշվետվությունն է հրապարակել և կազմակերպել հանրային քննարկումներ արդեն արված և խոստացված գործերի մասին։ Չենք ուզում ասել, բայց ստիպված ենք. երևում է` խոստումները հենց այդպիսին էլ կմնան, քանզի քաղաքի բյուջեն «թույլ չի տալիս»։ Գրեթե ոչ մի բան թույլ չի տալիս։
Sputnik

Չորեքշաբթի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները և ուղղակի շահագրգիռ անձինք քննարկել են 2018թ–ին Երևանի քաղաքապետարանի ծրագրի կատարումը, իսկ քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը պատասխանել է մի շարք հարցերի։ Անկեղծ ասած` պատասխանները երկակի տպավորություն են թողել։

Մետրոյի նոր կայարան, գիշերն աշխատող տրանսպորտ... էլ ի՞նչ են խոստանում ՔՊ թեկնածուները

Դատելով հայկական ԶԼՄ–ների հաղորդագրություններից`  այդ հանդիպմանը հասարակությանը հետաքրքրել են հարցեր` կապված վերելակների, վթարայնության տարբեր աստիճանների շենքերի, օրինական և անօրինական ավտոտնակների և վերգետնյա անցումների հետ, որոնց մի մասն անտեսվում է քաղաքացիների կողմից անհարմարության պատճառով, իսկ մյուսը պարբերաբար օգտագործվում է այն պատճառով, որ դրանցից հիանալի տեսարան է բացվում այն ամենի վրա, ինչ տեղի է ունենում բնակարաններում, որոնք դժբախտություն են ունեցել հայտնվել քաղաքապետարանի մտքի գլուխգործոցի հարևանությամբ։

Պարոն Սարգսյանը պատասխանել է հարցերին, և ահա թե ինչ է պարզվում։ Սկսենք վերելակներից։

«Ամբողջ վերելակային տնտեսության արդիականացման համար անհրաժեշտ է մոտ 25 միլիարդ դրամ, բայց քաղաքային բյուջեի հնարավորությունները թույլ չեն տալիս իրագործել այդ ծրագիրը։ Մենք մտադիր ենք դիմել Հայաստանի կառավարությանը և մասնավոր հատվածին` շահագործման ժամկետն ավարտված վերելակները փոխելու և արդիականացման համար լրացուցիչ միջոցներ ներգրավելու նպատակով», – ասաց Սարգսյանը։

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը խոստացել է լուծել վերելակների հարցը երկու, առնվազն երեք տարում, և անցնենք առաջ։

Հետո Սարգսյանը խոսել է քաղաքում բնակարային խնդիրների վիճակի և լուծման մասին` հույս հայտնելով, որ մասնավոր հատվածը ձեռնամուխ կլինի այն տների վերակառուցմանը, որոնց շահագործման ժամկետը լրացել է։ Տեսականորեն մասնավոր ներդրողի (որովհետև քաղաքի բյուջեն ի վիճակի չի լինի) հետաքրքրությունն այն կլինի, որ նա, ժամանակավորապես վերաբնակեցնելով վերակառուցվող շենքերի բնակիչներին, նրանց կվերադարձնի արդեն նորակառույց շենք, իսկ մնացած հարթակները կկարողանա օգտագործել իր հայեցողությամբ։

Հայկական սև ու սպիտակը. ինչպե՞ս քաղաքապետի աթոռին ձգտող կոմիկն ընկավ լուրջ ցեխի մեջ

Հիմա ավտոտնակների մասին, իսկ դրանք քաղաքում ավելի քան 30 հազարն են։ Դրանց հարցը պետք է ինչ–որ կերպ լուծել, այսինքն վերացնել, բայց, ինչպես կարելի էր արդեն գուշակել, քաղաքապետարանը փող չունի։ Այդ անօրինական ավտոտնակները չեն փոխարինվի ստորգետնյա կայանատեղիներով նույն պատճառով։

Ինչ վերաբերում է վերգետնյա անցումներին, որոնք Սարգսյանի արդարացի դիտարկմամբ մեծամասամբ չեն համապատասխանում չափանիշներին և չափազանց անհարմար են, ապա քաղաքապետարանը պատրաստվում է 2019թ–ին քննարկումներ կազմակերպել դրանց վերակառուցման հարցով և բոլոր շահագրգիռ կողմերին հրավիրում է նոր չափորոշիչներ մշակելու։ Պետք է ենթադրել, որ գետնանցումների համար նույնպես փող չկա, նույնիսկ եթե լիներ, լսումների անհրաժեշտությունն այդքան սուր չէր լինի. գետնանցումները կարելի է վերակառուցել առանց լսումների։

Քաղաքապետարանը փող չունի ո՛չ շենքերի վերելակների, ո՛չ շենքերին հարող ավտոտնակների, ո՛չ վերգետնյա անցումների համար։ Նշենք, որ խոսք չի եղել, օրինակ, քաղաքային տրանսպորտի և մետրոյի նոր կայարանների մասին. խոստանալ կարելի է ամեն ինչ, իսկ ահա երբ փող չկա, արդեն ոչինչ անել չես կարող։ «Չկային» դատաստան չկա։

Անհասկանալի է մի բան. եթե Երևանի քաղաքապետարանը փող ունի միայն Կալաշնիկովի հրացան քանդել-հավաքելու…  ներեցեք, Ամանորի տոնածառի, հետո էլ իրենց պարգևավճարների համար, ապա ինչո՞ւ էին խոստանում անիրագործելին։

Տրանսպորտային ճգնաժամի ակնթարթային լուծում, կամ Հայկ Մարությանի գրոտեսկային խորհուրդը

Ինչո՞ւ խոստանալ մետրո, տրանսպորտային խնդրի լուծում, վերելակների արդիականացում, երրորդը, տասներորդը և քսանհինգերորդը։

Ինչո՞ւ խնդիրներ ստեղծել դատարկ տեղում, չէ որ վաղ թե ուշ նույն հասարակությունը կհետաքրքրվի, թե ինչ է եղել տված խոստումների հետ։ Ավելի հեշտ չէր լինի՞ նախօրոք ասել, որ նոր քաղաքապետարանը եկել է նրա համար, որպեսզի երևանցիներին ապահովի հրապարակում Ամանորի տոնածառով, իսկ աշխատակիցների բանկային քարտերը՝ պարգևավճարներով։ Այդ դեպքում ոչ ոք նրան չէր հանդիմանի ստանձնած պարտականությունները չկատարելու մեջ։

Իսկ այն խնդրին, որ քաղաքային բյուջեում խելքին մոտ բաների համար փող չկա, մենք` հարկատուներս, վաղուց ենք վարժվել, զարմանալու  բան չկա։ Միայն թե պետք չէ շահարկել սիրված «փաստարկը». նախկին իշխանությունների օրոք ավելի լա՞վ էր։

Ինչ եղել է նախկին իշխանությունների օրոք, եղել է, և արդեն մեկ տարի է` անցել է և ոչ մեկին հետաքրքիր չէ։ Նոյի թվին նույնպես ինչ–որ բան է եղել, բայց դա արդարացում չէ 2019թ–ին։

Ասեք ուղիղ և առանց օճառի պղպղջակների, ի վերջո մենք` հարկատուներս, վաղուց դադարել ենք զարմանալ նրանից, որ պետությանը մեր քրտինքով վճարած փողերը, անկանխնիկ դարձնելով, ակնթարթորեն ապանյութականացնում է` իրեղեն տեսք ընդունելով միայն լոկալ տեղումների տեսքով. վայրերում, որտեղ պաշտոնյաներին աշխատավարձեր և պարգևավճարներ են տալիս։