Տղամարդն իր աղջկա հետ փորձել է մտնել ՀՀ կառավարության շենք և ինքնահրկիզվել

Ոստիկանները պարզել են, որ ինքնահրկիզվելու մտադրություն ունեցող տղամարդը Գյումրու բնակիչ է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. Երեկ՝ փետրվարի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Մի քաղաքացի իր աղջկա հետ փորձել է մտնել կառավարության շենք և ի նշան բողոքի՝ ինքնահրկիզվել։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

«Նաիրի» բժշկական կենտրոնի տնօրենի տունը տակնուվրա են արել. ի՞նչ են գողացել իրականում

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները նկատել են այդ տղամարդուն, մոտեցել և հոգեբանական բանակցություններ վարելու արդյունքում կարողացել են համոզել, որ տղամարդն այդ ծայրահեղ քայլին չդիմի։

Այնուհետև ՊՊԾ գնդի 1-ին վաշտի ծառայողները նրան տեղափոխել են ոստիկանության կենտրոնական բաժին։ Տղամարդու մոտ հայտնաբերվել է դյուրավառ նյութ, որով նա փորձել է կառավարության շենք մտնելուց հետո հրկիզել իրեն։

Կայքի տեղեկություններով՝ այդ քաղաքացին Գյումրի քաղաքի բնակիչ, 54-ամյա Հարություն Պ.-ն է, որն ինչ-որ խնդիրներ է ունեցել և իր աղջկա հետ այցելել է կառավարության շենք։

Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։