Փառատոնը դարձավ վերջինը տնօրեն Դիթեր Կոսսլիկի համար, որը «Բեռլինալեի» ղեկին էր հեռավոր 2001 թվականից:
Այս 18 տարիների ընթացքում Կոսսլիկի հասցեին հնչեցին բազմաթիվ քննադատություններ, որոնցից վերջինը վերաբերում էր գենդերային հավասարությանը. Կոսսլիկը հայտարարեց, որ այս տարի ընդհանուր ֆիլմերի ընդամենը 60%-ն է նկարահանվել տղամարդկանց կողմից, մնացած սեգմենտը ամբողջությամբ լցրել են կանայք և ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչ արվեստագետները:
Քննադատների մի մասը մեղադրում է «չգրված քվոտաների» արհեստական լինելու մեջ, մինչդեռ մյուսները վստահ են, որ Կոսսլիկի ռազմավարությունը ճշմարիտ է և ուղղված է այն ապագային, երբ արդեն բնականորեն լավագույն ֆիլմերը կլինեն հավասարապես նկարահանված բոլոր գենդերների կողմից:
Մեկ անգամ Բեռլինի կինոփառատոնը արդեն հասցրել էր մեծ իրարանցում առաջացնել փառատոնային աշխարհում`1987-ին գործարկելով, իսկ 3 տարի անց փառատոնային ծրագրի մաս դարձնելով «Թեդդի» մրցանակը, որը տրվում է ԼԳԲՏ խնդիրները բարձրաձայնող լավագույն ֆիլմերին:
Անցան տարիներ ու «Թեդդիի» մրցանակակիրներից, օրինակ` Գաս Վան Սենտը, Պեդրո Ալմոդովարը կամ Ֆրանսուա Օզոնը դարձան մեծանուն ռեժիսորներ:
«Հիմա կրկին գենդերային հավասարության հարցն ակտուալ է, ինչպես երբևէ», - արձագանքում է Կոսսլիկն արդեն կանանց և տղամարդկանց հավասարության վերաբերյալ:
Մյուսները խոսում են այն մասին, թե արդյո՞ք քվոտաների արհեստական սահմանումը չի անդրադառնա որակի վրա:
Փառատոնի ղեկավարությունը վստահ է, որ եթե անգամ մի քանի տարի անդրադառնա, ապա ավելի հեռու ապագայում որակային պատկերն արդեն կվերականգնվի, բայց այդժամ` արդեն արդար ու հավասար չափաբաժիններով:
69-րդ «Բեռլինալեի» մյուս սկանդալը կապված էր չինացի ռեժիսոր Ճյան Իմոուի հետ, ում «Մեկ վայրկյան» ֆիլմը, հակառակ ծրագրավորածի, այդպես էլ չցուցադրվեց:
Պաշտոնական վարկածի համաձայն` առաջացել են տեխնիկական խնդիրներ ֆիլմի հետարտադրական փուլում, բայց գրեթե բոլոր կինոփորձագետները ու ներկայիս Չինաստանի ներքին խոհանոցին ծանոթները միաձայն փաստում են, որ խնդիրը միանգամայն այլ է:
Վերջին շրջանում Չինաստանում էլ ավելի խստացվել է առանց այն էլ խիստ գրաքննությունը: Գրաքննչական ապարատն անմիջականորեն անցել է Չինաստանի Կոմունիստական կուսակցության հովանու ներքո և յուրաքանչուր ֆիլմ պարտադիր պետք է ստանա կոմիտեի «կանաչ լույսը»:
Դժվար էր հավատալ, որ գրաքննությունը կարող է մի օր թակել այնպիսի ռեժիսորի դուռը, ով վերջին երկու տասնամյակներում նկարահանում էր բացառապես էսթետիկ պատմական մարտաֆիլմեր ու ստանում էր կառավարության կողմից պատվերներ` բեմադրելու 2008-ին կայացած Պեկինի ամառային կամ 2022-ին կայանալիք Ձմեռային օլիմպիական խաղերը:
Պարզվեց՝ խնդիրը նրանում է, որ Ճյան Իմոուն իր նոր ֆիլմում որոշել էր անդրադառնալ չինական «մշակութային հեղափոխությանը», և այդ անդրադարձը պարունակել է այնպիսի համարձակ քաղաքական դիրքորոշումներ, որ չինական գրաքննիչներն ուլտիմատիվ կերպով «հանել» են ֆիլմը «Բեռլինալեի» պես հեղինակավոր միջազգային կինոփառատոնի ծրագրից:
«Բեռլինալեի» տնօրեն Դիթեր Կոսսլիկին էլ մնում էր կա՛մ խզել հարաբերությունները Չինաստանի հետ, կա՛մ էլ փորձել ամեն գնով պաշտպանել արվեստագետի ազատ արտահայտման իրավունքը: Արդյունքում՝ կամ Կոսսլիկը չցանկացավ հանուն մի ֆիլմի գնալ կոնֆլիկտի հզոր պետության հետ, կա՛մ էլ ինքը` Ճան Իմոուն, նախընտրեց վերամոնտաժել ֆիլմը հայրենիքի «աչքի գրողը» չդառնալու համար:
Հաջորդ տարի սպասվում է Բեռլինի նոր փառատոնը՝ հոբելյանական 70-երորդը, որը կունենա նոր տնօրեն, նոր ֆիլմեր և ուրեմն՝ նաև նոր խնդիրներ ու սկանդալներ: