«Ամեն ինչ, բացի ռադիոյից ». հայուհին, որն առաջինն իմացավ Հայրենական պատերազմի ավարտի մասին

Եթե ձեր տարիքը 18 կամ 18-ից բարձր է և դեռ այս կյանքում չեք կողմնորոշվել, ապա ձեզ անհրաժեշտ է կարդալ հայկական ռադիոյի վետերան Ելենա Մելքոնյանի պատմությունը: Այդ մասին ռադիոյի համաշխարհային օրվա առիթով պատմել է Sputnik Արմենիան:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի - Sputnik, Լաուրա Սարգսյան. Պարզվեց, որ Ելենա Մելքոնյանը Հայաստանում միակ կինն է, որին բախտ էր վիճակվել առաջինն իմանալ ամբողջ աշխարհի համար այդքան սպասված նորությունը՝ Հայրենական Մեծ պատերազմի ավարտի մասին լուրը: Այդ պատմությունը Sputnik Արմենիայի թղթակցին պատմեց նրա թոռը՝ Տիգրան Հակոբյանը:

Առուշանյանը, որը, ի հեճուկս գերմանացիների, Բաղրամյանի հետ խոսել է հայերեն

«Տատիկը ռադիո էր գնացել աշխատելու կարիքից դրդված, ավելի վաղ նա այդ մասին չէր մտածում, ընդունվել էր բժշկական համալսարան և երազում էր բժիշկ դառնալու մասին: Տատիկիս հայրը, մորեղբայրներն ու հորեղբայրները ռազմաճակատ էին մեկնել: Պետք էր կերակրել ընտանիքը, այդ պատճառով էլ գնաց», - պատմում է Տիգրան Հակոբյանը:

Թոռներին նա միշտ պատմում էր ռադիոյում աշխատելու տարիներին իր հետ տեղի ունեցած ամենավառ պատմության մասին: Դա 1945 թվականի մայիսի 8 լույս 9-ի գիշերն էր: Ելենան 18 տարեկան էր, նրան այդ գիշեր հերթապահ էին թողել ռադիոյում: Առավոտյան 5-ի սահմաններում զանգ եկավ:

«Տատիկը վերցնում է լսափողը, իսկ մյուս կողմից մի կանացի ձայն հայտնում է. «Ինչո՞ւ եք քնած: Պատերազմն ավարտվել է: Մոսկվան կարևոր հաղորդագրություն է տալիս»», - պատմեց Հակոբյանը:

Ելենան խառնվում է իրար, հրահանգի համաձայն կարևոր զանգեր է կատարում և միացնում Մոսկվա: Լևիտանը կարևոր և երկար սպասված նորությունն էր հաղորդում այն մասին, որ պատերազմն ավարտվել է:

Առավոտյան 7-ին սկսեցին հավաքվել ռադիոյի աշխատակիցները, բոլորը մոտենում էին, գրկախառնվում Ելենայի հետ և հարցնում, թե ինչպես են նրան հայտնել, ինչ են ասել: Բոլորը երջանիկ էին, սակայն չէին վստահում իրենց ուրախությանը, մինչև վերջ զգուշանում էին հավատալ, որպեսզի չհիասթափվեն:

Առաջին հայը և այլ զվարճալի դեպքեր. դիվանագետ Վոլինկինի` կյանքի չափ երկար ճանապարհը

Հակոբյանը պատմում է, որ տատիկը հետագայում աշխատանքը չի փոխում, այդպես էլ մնում է ռադիոյում: Իրենց տանը միշտ շատ մարդ կար, հավաքվում էր Երևանյան մտավորականությունը՝ գրողներ Ավետիք Իսահակյանը, Պարույր Սևակը հաճախ էին նրանց հյուրը լինում:

«Հիշում եմ, երբ նրանք հավաքվում էին, կարող էին երկար մեկ շիշ գինու շուրջ նստել: Յուրաքանչյուրը պետք է կենաց ասեր, սեղանի շուրջ ավելի շատ զրուցում էին, քան ուտում», - պատմեց Հակոբյանը:

Հիշում է, որ տատիկը միշտ խնամված, գործնական տեսք ուներ, նրանից «Կարմիր Մոսկվայի» բույր էր տարածվում, բացի այդ նա սեթևեթող կին էր: Սիրում էր գործել: Նաև կատակասեր էր. մինչև կյանքի վերջին օրը կատակներ էր անում:

Մի օր թոռների հարցին, թե ինչ կփոխեր իր կյանքում, պատասխանեց. «ամեն ինչ, ռադիոյից բացի»:

Հիշեցնենք, որ տասնամյակներ անց ռադիոն շարունակում է մնալ կարևորագույն ԶԼՄ-ներից մեկը, իսկ փետրվարի 13-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ն Ռադիոյի համաշխարհային օր է հռչակել: