Երևանյան «չափալախի» պատմությունը. ինչպես էին տղերքը հարց լուծում 70-ական թվականներին

Սոցցանցերի ու համացանցի բացակայության պայմաններում 1970-ականների երևանյան պատանիները հասակակիցների հետ կենդանի շփման էին դատապարտված։ Հենց այդ պատճառով էլ մի շարք պայմանականություններ կային, որոնք առանձնապես նեղություն չէին տալիս ու վարքի օրենսգիրք էին դառնում, բայց թույլ էին տալիս նաև, որ մարդը բավարար չափով դրսևորի իր անհատականությունը։ Պատժելի էին համարվում միայն լուրջ շեղումները։
Sputnik

Չի կարելի գրկել անհունությունը, և այս գրածն էլ, իհարկե, չի կարող ամբողջական լինել։ Եթե բոլոր ասպեկտները մանրամասն վերլուծենք, մի քանի հատոր կդառնա։ Գրառումս պարզապես պատանիների կյանքի որոշ դրվագների մասին է։

1970 թվականների երևանցի պատանու ցերեկային ժամերը հավասարապես երկու մասի էին բաժանվում` դպրոցում ու բակում անցկացրած ժամեր։ Նա անգամ չէր էլ լսել համացանցի մասին, սոցցանցի դերում հանդես էին գալիս դասարանի չափազանց հետաքրքրասեր աղջիկները, իսկ կենդանի շփումն իր չգրված օրենքներն ուներ։

Բարի աչքերով չարագործը, կամ ինչպես Եպիսկոպոսյանը դարձավ Ռուսաստանի գլխավոր «ավազակը»

Աղոտ եմ հիշում թաղային կռիվները (ինքս չեմ հասցրել մասնակցել դրանց, որոնք հիմա պատմություն են դարձել), լավ եմ հիշում կլյոշ տաբատները (ինքս էլ եմ ունեցել), մեկ էլ այն, որ ես «Հրազդան» մարզադաշտում հավաքվող 75 հազար մարդկանցից մեկն էի։ Որպեսզի այսօրվա երիտասարդներին ավելի հասկանալի լինի, ասեմ` մանգոյի գոյության մասին մենք գիտեինք հնդկական հյութերից, որոնք մեր հայրերը Մոսկվայից էին բերում։ 1970-80 թվականների Երևանն ուներ հատուկ ոգի, վարքի չգրված օրենսգիրք ու կենսակերպ։ Խոսքը հասարակության պահվածքի ամենօրյա նրբությունների մասին է, որոնք բոլորին էին հայտնի։

Խիստ դպրոց ունեինք, թեև այդ խստությունը տարածվում էր միայն պատերով սահմանափակված տարածքում, նույնիսկ ֆիզկուլտուրայի դահլիճն արդեն ազատություն էր։ Այն ժամանակ դեռ դպրոցներով էին կռիվ անում, մեծ մասամբ` աղջիկների համար, ընդ որում` աչքի չընկնող մեկի  համար կռիվներն ավելի դաժան էին (խեղճին կարող էին առանձնապես չնկատել), քան գեղեցկուհու, որի մազերը քաշելը պատվի հարց էր։ Մի խոսքով, եթե մեկը համարձակվեր որևէ աղջկա վիրավորել, նշանակում է` կռիվը պատրաստ էր։

Պատահում էր, որ կռիվը լինում էր հենց հարևան դպրոցի հետ, բայց նման դեպքերը հազվադեպ էին։ Մեր դպրոցի մոտակայքում մեկ այլ դպրոց կար, որն ամեն կերպ ջանում էր «կռուտոյ» թվալ, ու մի անգամ այնքան էին լկտիացել, որ քսան հոգով մեր դպրոցի բակ էին հասել՝ հաշիվները մաքրելու։ Չկարողացանք մարդավարի կռվել. ֆիզկուլտուրայի ու աշխատանքի ուսուցման ուսուցիչները վրա հասան։

Նրանք երգում էին Արցախի համար, հիմա ստիպված ռաբիս են լսում. ու՞ր կորան «Ասպարեզի» տղաները

Վերջ, մտածեցինք, հիմա կսկսեն բաժանել, խրատել, հարցնել՝ ինչ է եղել, հետո էլ` ծնողներ, ժողով, պիոներական նկատողություն․․․ Բայց ոչ։ Ֆիզկուլտուրայի ու աշխատանքի ուսուցման ուսուցիչները տեղում հետ շպրտեցին «հյուրերին» ու գնացին։ Հետո նույնիսկ չհարցրին` ինչն էր կռվի պատճառը։ Գիտեին, որ միևնույն է` ճշմարտությունը չենք ասելու։ Մենք նրանց, իհարկե, այդ դեպքից առաջ էլ էինք հարգում, բայց դրանից հետո հարգանքը որակապես այլ մակարդակի հասավ։

Սովորաբար եթե որևէ մեկը որոշում էր քո բակի աղջկան օգնել, որ  պայուսակը տուն հասցնի, նրան զգուշացնում էին` պայուսակը բեր, բայց մտքովդ չանցնի նեղացնել աղջկան։ Խոսքից խոսք էր բացվում, ու սկսվում էր․․․ Ի դեպ, գրեթե չեմ հիշում, որ դաժանություն լիներ։ Սկզբում բռունցք էին ցույց տալիս, հենց բանը հասնում էր առաջին արյանը, կռիվն ավարտվում էր։ Հետո ընկերություն էին անում։

Հետո մի քիչ մեծացանք։ Հարևան աղջիկներին մինչև տուն ճանապարհող տղաները սկսեցին շատ յուրօրինակ «ֆեյս կոնտրոլ» անցնել, թեև այն ժամանակ դեռ չկար այդ հասկացությունը։ Եթե առաջին անգամ էր ճանապարհում, նրան երկար զննում էին, մտապահում, բայց չէին մոտենում. մարդ ես, կարող է` դասարանցին քեֆից հետո որոշել է ճանապարհել ու էլ չի երևալու այս կողմերում։ Բայց եթե ճանապարհելը միտում էր դառնում, տղային մի կողմ էին կանչում։ Այն երիտասարդները, որոնք առանց վնասվածքների էին հեռանում, սովորաբար այլևս չէին վերադառնում, բայց եթե դեմքը մի քիչ վնասում էին, իսկ տղան համարձակություն էր ունենում շարունակել ճանապարհել աղջկան, ապա միայն հարգանք էր առաջացնում։ Ուրեմն տղան մեր աղջկան լուրջ է վերաբերվում, կարելի է նրան աղջիկ վստահել։ Դրանից հետո խիզախ ճանապարհողը բակ մտնելու թույլտվություն էր ստանում։ Լինում էին դեպքեր, որ նույնիսկ ընկերանում էր իրենից պարզաբանումներ պահանջած տղաների հետ։

Տրամվայի տեսիլք. ինչպես են ռելսերի վրայի ձիերը Երևանի մետրոպոլիտենի հիմքը դրել

Ընդհանրապես ամեն բակը սեփական տարածք թողնելու իր չափորոշիչներն ուներ։ Համարյա մինչև վերջ գնա Թումանյանով, հասիր Ալավերդյան, հետո դեպի աջ ու արագ– արագ անցիր բակի միջով, մտիր դալան ու դուրս կգաս փողոց։ Այստեղ կիսանկուղային հարկում բռնցքամարտի հայտնի դպրոցն է, որտեղ լուսամուտից կարելի է հետևել մարզումներին ու իսկական մարտերին։ Տղաները 16 տարեկանում էլ են տղա, ուրիշի բռնցքամարտին հետևելուց, բռնցքամարտին բնորոշ հոտը բաց լուսամուտից շնչելուց հետո այնպիսի տեսքով են հեռանում, ասես իրենք էլ են ուժեղացել․․․

Իսկ ինչու՞ էր պետք անցնել բակով ու այն էլ այդքան արագ–արագ։ «Բոքսի հայաթում» չարժեր կանգ առնել։ Անցնում ես անցի, իսկ կանգնել ու շուրջը նայել խորհուրդ չէր տրվում։ Այստեղ օտարներին չէին սիրում։ Ի՞նչ արած։ Իսկ այլ բակերում մոտքն ավելի ազատ էր, թեև ոչ մի տեղ էլ հնարավոր չէր չափերն անցնել։ Ի դեպ, բակային կռիվների ժամանակ անմիջական հարևանների հետ համարյա չէին կռվում, նրանք յուրային էին համարվում։

Սկզբում խոսում էին։ Այդ գործողության նպատակն այն չէր, որ պարզվեր` ով է ճիշտ, ով` սխալ, այլ հակառակորդին տարատեսակ իրավիճակային ու բառային ծուղակների մեջ գցելը։ Այդ մրցման մեջ պարտվողը սովորաբար ապտակ էր ստանում։ Դրան պետք էր պատասխանել, թե չէ խայտառակ կլինեիր։

Ի՞նչ գիտի իսկական բանգլադեշցին Երևանի Բանգլադեշի մասին. ծանոթ անունով անծանոթ երկիրը

Ապտակը կարող էր լրջանալ, բայց ինչպես արդեն ասացի, կռիվը վերջանում էր առաջին արյան հետ, իսկ երբեմն պատասխան չափալախից հետո արդեն բաժանվում էին։ Պարտված մրցակցի վրա սովորաբար չէին ծիծաղում, լուռ հեռանում էին. արդար մարտում հաղթելը բավական էր ինքնահաստատման համար։

Հա, ի դեպ։ Մեջքի հետևում չարախոսելը շատ խիստ էր պատժվում։ Ներում–բեկում չկար։ Ասեմ ավելին` դրանից ամոթալի բան չկար։ Բռնվողը չափալախով չէր պրծնում, այ նրանց կարող էին ավելի լուրջ ծեծել, քանի որ նման պահվածքը գնահատվում էր որպես վախկոտության գագաթնակետ. Ուրեմն «դուխդ» չի հերիքել, որ մարդու երեսին ասես մտածածդ։

Մենք` միամիտներս, այն ժամանակ չգիտեինք, որ համացանց ու սոցցանցեր կհայտնվեն, որտեղ մեջքի հետևից չարախոսելը սովորական երևույթ կդառնա․․․