Եթե «Օսկարն» ունենար «Ֆիլմի լավագույն դիակ» անվանակարգ, ապա պարգևը, ամենայն հավանականությամբ, կստանար Վլադիմիր Եպիսկոպոսյան։
«Վոլոդյա, ինձ թվում է` ձեզ պետք է ոչ թե վաստակավոր արտիստի, այլ վաստակավոր դիակի կոչում շնորհել», – ասել է Ռուսաստանի մշակույթի նախկին նախարար Միխայիլ Շվիդկոյը` դերասանին հանձնելով Ռուսաստանի վաստակավոր արտիստի վկայագիրը։
Եպիսկոպոսյանը չի նեղացել։ Ինչ ճիշտ է, ճիշտ է. էկրանին նրան, ընդհանուր առմամբ, սպանել են 51 անգամ։
Ինչո՞ւ են սպանել։ Որովհետև խաղացել է ավազակների, չարագործների և բռնաբարողների դերեր։ Թեև սկսել է «Ախթամար» ֆիլմում անմեղ դերից, որը նկարվել է «Հայֆիլմ» ստուդիայում հեռավոր 60–ականներին։
Ինչպես հաճախ լինում է դերասանների հետ, նրան նկատել են փողոցում, հրավիրել փորձի։ Նա դուր է եկել կինոաշխատողներին, Վլադիմիրին նույնպես դուր է եկել տեսախցիկի առջև նկարահանվելը։ Թեև Եպիսկոպոսյանն ավելի ոգևորված է եղել, քանի որ նկարահանումները թույլ են տվել երկրորդ կուրսի ուսանողին հետաձգել քննությունները։
Նա սովորել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում և նույնիսկ կես տարի իրավաբանական խորհրդատու է աշխատել, սակայն դա նրանը չի եղել։ Նրա գործը դարձել է էկրանին մահանալը։ Բայց ոչ թե զրխկալ հատակին և աչքերը ոլորել. պետք է տաղանդավոր կերպով մահանալ` ըստ Ստանիսլավսկու, որպեսզի ոչ ոք չասի`չեմ հավատում։
Եպիսկոպոսյանը, իհարկե, գիտեր` ոնց պետք է դերասան դառնալ։ Նա ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը, դարձել Ստանիսլավսկու անվան թատրոնի դերասան և նույնիսկ արջի դեր խաղացել Շվարցի «Երկու թխկի» պիեսում (մինչ այդ նույն բեմում և նույն դերը մարմնավորել է Արմեն Ջիգարխանյանը)։
Այստեղ պետք է ասել, որ մի շարք դեպքերում դերասանի ստեղծագործական աճն ինչ-որ առումով բառացիորեն կախված է նրա ֆիզիկական աճից։ Երկու մետր հասակը վատ չէ բասկետբոլի համար, և ահա Եպիսկոպոսյանն արդեն Հայաստանի հավաքականում է, իսկ պիջակի վրա ամրացված է «ԽՍՀՄ սպորտի վարպետ» նշանը։
Հետո այսպես է եղել։ Հայտնվելով Մոսկվայում` բասկետբոլիստ–դերասանը որոշել է նշել իր անունը Գորկու անվան կինոստուդիայի տվյալների բազայում, և դա ճիշտ քայլ է եղել։ Այդ ժամանակ խորհրդային կինոն դեմքով շրջվել է դեպի մարտաֆիլմերը, դրանցից ամենահայտնին դարձել է ռեժիսոր Դուրովի «20–րդ դարի ծովահանները» ֆիլմը, իսկ Եպիսկոպոսյանը, կարելի է ասել, եղել է ֆիլմի աստղը։ Ուժեղ, բարձրահասակ, ձիգ, մազերը մինչև ուսերը` իսկը կինոչարագործ` անցած դարի պատկերացումներով։
– Մի՞թե ռեժիսորները կույր են։ Դուք մարդասպանների եք մարմնավորում, բայց ձեր աչքերը բարի են, – մի անգամ դերասանին ասել է Անդրեյ Կոնչալովսկին։
– Դուք էլ ինձ բարի դերում նկարեք, – պատասխանել Եպիսկոպոսյանը և ստացել... Բերիայի հանձնակատարի դերը։
Խառը 90–ականներին էկրանները ողողում են անթիվ մարտաֆիլմերը, սարսափ–ֆիլմերը, «վեստերն» ոճի ֆիլմերը, շրջանառության մեջ է դրվում «կովկասյան ազգության դեմք» արտահայտությունը։ Ու հենց մեր հերոսի համար։
«Անթիվ–անհամար ավազակների եմ խաղացել։ Ես դրան հանգիստ եմ վերաբերվում։ Նույնիսկ, երբ ինձ ֆիլմում չեն սպանում, տարօրինակ է լինում։ Գրեթե յուրաքանչյուր ֆիլմում ինձ կամ դանակահարում են, կամ պայթեցնում, կամ խեղդում», – լրագրողներին պատմել է Եպիսկոպոսյանը։
Մի երկու խոսք «խեղդելու» մասին։ Փչացած ժապավենի պատճառով «Ախթամար» ֆիլմի էպիզոդներից մեկը որոշել են կրկին նկարել, բայց ոչ թե Սևանում, ինչպես եղել է սցենարով, այլ Երևանյան լճում, որպեսզի ավելի էժան նստի և մոտ լինի Եպիսկոպոսյանին, որն այդ օրը ալերգիկ շոկ է ապրել։
Բանն այն է, որ ալիքը, որում խեղդվում է ֆիլմի հերոսը, բարձրացրել են երկու սահանավեր, որոնք եղել են Եպիսկոպոսյանից տասը մետր հեռավորության վրա։
«Ոչ ոք չէր կարող ենթադրել, որ այդ մանևրի հետևանքով հատակից ջրի երես դուրս կգան աղբի բազմամյա կույտերը` շամպայնի պիտակներ, անդրավարտիք, պահպանակ... Եվ այդ աղբի մեջ ես գոռում եմ. «Ա՜խ, Թամա՜ր»։ Հետո էլ բերանս լցվում է այդ սարսափելի պղտոր ջրից ու մոտս ալերգիա է սկսվում զզվանքից։ Երկրորդ դուբլի մասին նույնիսկ խոսք չասվեց։ Էկրանին դրանք գրեթե օվկիանոսյան ալիքներ էին և դրամատիզմով լի տեսարան», – հիշում է դերասանը։
Միաժամանակ, Եպիսկոպոսյանը նկարահանվել է ոչ միայն կինոյում (առայժմ 112 ֆիլմ), նա սցենարներ է գրել, «Ռուսաստանի գլխավոր դին» ինքնակենսագրական պատմվածքների ժողովածուն և «Գլխավոր ավազակի նովելները» գիրքը։
«Հանգուցյալների դերեր չի կարելի խաղալ, վատ նշան է» ժողովրդական հավատալիքին դերասանը հանգիստ է վերաբերվում։ Կերպարի էվոլուցիան, որին նա կապվել է, դիտարկում է պատմական հարթության մեջ։ 80–ականների վերջին և հատկապես 90–ականներին բազմաթիվ առաջարկներ է ստացել` խաղալ աֆղանցի դաշտային հրամանատարների, դուշմանների, չեչեն գրոհայինների, արաբ ահաբեկիչների դերեր։
«Երբ քայլում էի Մոսկվայում, մարդիկ մի կողմ էին քաշվում։ Հիմա, փառք աստծո, այլ ժամանակներ են, հիմա ավազակները նման են բանկիրների` էլեգանտ, սպիտակ օձիքներով... Իմ դերերով կարելի է ցույց տալ, թե ինչպես է փոխվել Ռուսաստանի գլխավոր ավազակը», – կարծում է դերասանը։
Հունվարին Եպիսկոպոսյանը դարձել է 69 տարեկան, գնում է դեպի հոբելյանական 70–ը։ Բնակվում է Մոսկվայում, աշխատում է «Բուֆ» թատրոնում, սկանդալային պատմությունների մեջ խառնված չէ։
«Բուֆը» ամենից առաջ թատրոն է երեխաների համար, իսկ երեխաները սիրում են նրանց, ում աչքերը բարի են։ Նրանք սիրում են Եպիսկոպոսյանին։