Մագնիսական բևեռը Կանադայից «գաղթել» է Ռուսաստան, կամ կարևորը օդանավերն անշեղ լինեն

Բի-Բի-Սի-ի ռուսական ծառայության հաղորդումը Sputnik Արմենիայի սյունակագիր Արմեն Հակոբյանին շեղել է օրվա ծանր լրահոսից, կտրել կառավարության ծրագրի ծանր ու մեծ թվերից ու մի լավ զվարճացրել։ Նա էլ ծիծաղի մագնիսական ու գրավիտացիոն անշեղ ալիքները փոխոնցում է մեր ընթերցողներին։
Sputnik

Արմեն Հակոբյան, Sputnik Արմենիա

Երեկոյան Բի-Բի-Սի-ն ուրախացրեց: Չէ՛, բամբասկոտ հարևանը չէ: Ոչ էլ ամենաիմաց-ամենտեղագնաց տաքսու վարորդը: Հենց Բի-Բի-Սի-ն: Ի՛նքը: Ավելի ճիշտ, հանրահայտ ռադիոկայանի ռուսական ծառայությունը:

Հայրենի կառավարության ծրագիրն էի թերթում ու մեկ էլ` հո՛պ, ֆեյսբուքյան լրահոսում մի լուսավոր, ապաքաղաքական, նույնիսկ գլոբալ լուր առկայծեց: Բի-Բի-Սի-ն հաղորդում էր, որ մեր մոլորակի մագնիսական բևեռը շեղվել է: Տեղեկություններ, որ պինգվին Վինը Անտարկտիդայում թռվռացել է, կարծես, վերջին օրերին չեն եղել: Բայց ինչ-որ շատ կարևոր բան տեղից ընկել է, շեղվել: Տվյալ դեպքում՝ Երկրի մագնիսական բևեռը: Արևմտյան քաղաքակրթության համար կրկնակի վատն այն է, որ այն՝ այդ մագնիսական բևեռը, ծլող-ծաղկող Կանադայի կողմից շեղվել է դեպի Ռուսաստան: Արտագաղթել է, այսպես ասած:

Չինաստանը մաքուր օդ է ներկրում Կանադայից

Կատակը՝ կատակ, բայց լուրջ, ավելին՝ լուրջ-լուրջ հրապարակում էր: Մագնիսական բևեռների տատանումների սիրահարները կարող են բնօրինակով գտնել և ըմբոշխնել, ինչպես ասվում է՝ «Գուգըլն ու Յանդեքսը ողջ լինեն, ինտերնետն էլ՝ հասանելի»:

Ինձ Բի-Բի-Սի-ի վերնագիրն առանձնապես հրապուրեց. «Մագնիսական բևեռը Կանադայից «գաղթել» է Ռուսաստան. Դա կարող է կուրսից շեղել օդանավերն ու բջջային հեռախոսները»:

Լուսահոգի Զադորնովին հիշեցի:

Օդանավերը հասկացանք: Բա բջջային հեռախոսները ոնց է կուրսից շեղելու: Չնայած, օդանավերն էլ է հարց, ախր դրանք հիմա հո զուտ կողմնացույցի վրա հույսը դրա՞ծ չեն թռչում: Բայց բջջային հեռախոսների պահը աննման է: Փաստորեն, այդ հեռախոսներն էլ են թռչում: Դե, ասենք, եթե նյարդային մեկը բջջայինը նետի սեղանին, այն կարող է կուրսից շեղվել ու շրխկալ պատին կամ ավելի վատ՝ մոտակայքում խաղաղ կանգնած որևէ մեկին:

Կանադան սովորեցնում է հանքերի և բնության համերաշխ «ապրելու» ձևը

Չէ, թռչող կոկորդիլոսներից հետո մի հատ էլ ճախրող բջջայիններ պատկերացնելն արդեն վեր էր իմ երևակայության ուժերից, մանավանդ, կառավարության ծրագրի ինստիտուցիոնալացված ու ալգորիթմացված ընթերցանությունից հետո: Ո՞ր մեղքի համար:

Ծիծաղի մագնիսական ու գրավիտացիոն անշեղ ալիքները հաղթահարելուց հետո, որոշեցի, այնուամենայնիվ, մինչև վերջ կարդամ և տեսնեմ, թե այդ հեռախոսները ո՞նց են կուրսից շեղվելու:

Բանից պարզվում է, որ խոսքն էլի նավիգացիայի, այսինքն՝ ժամանակակից հեռախոսահամակարգիչներից անբաժան տեղորոշիչ հանգամանքների մասին է: Ընդամենը: Բայց ախր ո՞վ է հեռախոսով կողմնորոշվում, ասենք, Մոսկվայից Լոնդոն մեկնելիս: Ու ընդհանրապես, ի՞նչ է նշանակում՝ կշեղվեն: Այսինքն` ինչ-որ մեկն արբանյակային ուղեցույցը (ասենք՝ Ջի-Փի-Էս-ը կամ Գուգըլ-մափը) հեռախոսի դիտարկիչին «բացած», ենթադրենք, Չարբախից շարժվում է դեպի Ավան, մագնիսական բևեռի տեղաշարժման հետևանքով, հանկարծակի կարող է Սարի թաղո՞ւմ հայտնվել, կամ ընդհանրապես՝ Դաստակերտ քաղաքում: Ո՞նց:

Մի բան կարելի է հաստատ ասել. նման մագնիսացված տեղեկությունները թույլ են տալիս շեղվել լրահոսային կուրսից ու զգալ կյանքի գունեղությունը: