ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի — Sputnik, Նանա Մարտիրոսյան. «Շտապօգնություն» ՓԲԸ–ի շուրջ կրքերն արդեն մի քանի օր է չեն հանդարտվում։ Աշխատակիցները պահանջում են բարեփոխել ծառայությունն ու սպառնում են թողնել աշխատանքը, եթե նորմալ պայմաններ չստեղծվեն։
Բժիշկ Վահրամ Բուլղադարյանն արդեն հեռանալու մասին դիմում է ներկայացրել` հիմնավորելով իր որոշումը մի շարք հանգամանքներով, որոնք ծառայության օգտին չեն խոսում։ Մեկ այլ բուժաշխատող` Տարոն Սարիբեկյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ ինքն էլ նման կերպ կվարվի, եթե պատասխանատու կառույցները չլուծեն ծառայության խնդիրները։
Մասնավորապես` խոսքն աշխատավարձերի բարձրացման մասին է։ Հիմա մեկ հերթապահության համար «Շտապօգնության» բժիշկը 18 հազար դրամ է ստանում, բուժքույրը` 11 հազար, իսկ վարորդը` 10 հազար դրամ։ Նշենք, որ բժիշկները ամսական 6–7 հերթապահություն են ունենում (ամբողջ դրույք) կամ 3–4 հերթապահություն (կես դրույք)։ Ստացվում է` ամբողջ դրույքով աշխատող բժիշկը ամսական 126 հազար դրամ է ստանում։
«Առաջնային օղակի բուժաշխատողների աշխատավարձի բարձրացումը ոչ մի կերպ չանդրադարձավ մեր աշխատավարձերի վրա։ Մեզ սոցփաթեթ, բժշկական ապահովագրություն չեն տրամադրում։ Սակայն մեզ մոտ բեռնվածությունը մեծ է, մենք տանջվում ենք հոգնածությունից և ուժասպառ ենք լինում` մոռանալով մեր առողջության մասին։ Ամենահաճախը հենց շտապօգնության աշխատակիցների վրա են հարձակումներ կատարում, սակայն մեզ վրա ոչ մի արտոնություն չի տարածվում։ Դա առնվազն անարդար է», – նշեց Սարիբեկյանը։
Բժիշկը ավելացրեց, որ ծառայության անձնակազմը լրիվ համամիտ է իր հետ ու պահանջում է անհապաղ վերանայել աշխատավարձերի չափը, հերթապահ բրիգադների թվի ավելացում, առողջապահական ապահովագրություն ու սոցփաթեթներ։ Ավելին` ծառայության ղեկավարը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ համամիտ է աշխատակիցների հետ ու սատարում է նրանց նախաձեռնությանը։
«Մեր հաստատությունը քաղաքապետարանին է ենթակա։ Աշխատակիցների հետ անցկացրած քննարկումներից հետո հայտնեցի առողջապահության կառավարման խնդիրների մասին քաղաքապետարանին։ Անձամբ ես հանգիստ եմ վերաբերում այդ հարցին, քանի որ երբ մեր աշխատակիցները իմացան պոլիկլինիկաների աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման ու սոցիալական արտոնությունների մասին, նրան թվաց, որ իրենց մասին մոռացել են», – ասաց Ստեփանյանը։
Ավելի վաղ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Faceook-ի իր էջում գրել էր շտապօգնության միասնական համակարգի ձևավորման անհրաժեշտության մասին, կոնկրետ լիազորություններով ու պարտականությունների շրջանակով, նաև վերանայված ստանդարտ ծառայություններով։
Թորոսյանն ավելացրել էր, որ բարեփոխման աշխատանքները սկսվել են դեռ աշնան սկզբին, սակայն հիմա այդ գործընթացը կարագանա բժիշկների դժգոհության պատճառով։
Երևանի քաղաքապետարանում չպատասխանեցին` արդյոք նրանք պատրաստ են փոխանցել «Շտապօգնություն» ՓԲԸ–ն առողջապահության նախարարությանը։
Մասնավորապես` Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը չցանկացավ մեկնաբանել նախարարի հայտարարությունն այդ հարցով։