«Հույս ունեմ` չմտածեցիք, թե թղթերը խառնել եմ». Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Բանակի օրվան՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 27-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառմանը: Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ։
Sputnik

«Հնդկական հազարամյա հանելուկը հարցնում է. ի՞նչն է, որ չես նկատում, քանի դեռ այն չի հեռացել: Պատասխանը հետևյալն է. առողջությունը: Եվ ասացվածքի իմաստն այն է, որ առողջությունդ պետք է պինդ պահես, որովհետև եթե մեկնեց՝ այլևս ետ բերել չես կարող: Հույս ունեմ` չմտածեցիք, թե թղթերը խառնել եմ, և կարդում եմ առողջապահության աշխատողի օրվան նվիրված ելույթի տեքստը: Ի՞նչ կապ ունի ուրեմն այս ասացվածքը Հայոց բանակի 27-րդ տարեդարձի հետ: Կապն այն է, որ անվտանգությունն առողջության նման է. քանի կա, այն երբեմն ընդունվում է որպես ինքնին հասկանալի և ինքնին ենթադրվող մի ինչ-որ բան»,– ասել է Փաշինյանը:

«Էսօր իմ զինվորի տոնն ա». Փաշինյանի դուստրը եղբոր հետ լուսանկար է հրապարակել

Նրա խոսքով` այսօր՝ բանակի տարեդարձի հանդիսավոր օրը, արժե ևս մեկ անգամ արձանագրել, որ այն անվտանգությունը, որ մենք ունենք՝ երկնքից ընկած խնձոր չէ, այլ մի իրողություն, որ ձեռք է բերվել մեր բյուրավոր ազատամարտիկների, խորհրդային բանակում կարիերան ընդհատած և Հայոց հայրենիքի պաշտպանությանը նվիրված սպաների, նորանկախ պետության առաջին զինվոր ու սպա դարձած առաջամարտիկների կյանքի, առողջության, երբեմն բարեկեցության ու ապագայի գնով:

«Եվ եթե առողջությունը մեզ բնությունն է տալիս, մեր անվտանգության, տվյալ դեպքում արտաքին անվտանգության ապահովողը մեր զինված ուժերն են, մեր բանակը»,– նշել է վարչապետը:

Նրա խոսքով` Հայոց բանակը նշանակում է տարվա առնվազն կեսն ընտանիքից ու հարազատներից հեռու, մարտական դիրքերում անքուն գիշերներ անցկացնող՝ ժամկետային, պայմանագրային զինծառայողներ ու սպաներ, ովքեր պատրաստ են իրենց վրա վերցնել հարվածը և ովքեր պատրաստ են ջախջախիչ հակահարված հասցնել՝ կանգ չառնելով ոչնչի, նույնիսկ սեփական կյանքն ու առողջությունը կորցնելու սպառնալիքի առաջ: