Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ կաթողիկոսն ընդունել է ՀՀ ԱԺ նախագահին

Ամենայն Հայոց կաթողիկոսը Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ կարևորել է պատգամավորների կրթադաստիարակչական առաքելությունը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հունվար — Sputnik. Այսօր՝ հունվարի 25-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նորընտիր նախագահ Արարատ Միրզոյանին:

Այս մասին տեղեկանում ենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից:

Շնորհավորելով Արարատ Միրզոյանին Ազգային ժողովի նախագահ ընտրվելու առիթով` Նորին Սրբությունը մաղթել է, որ նրա պաշտոնավարումը նշանավորվի բարի արդյունքներով երկրի բարօր ու օրհնյալ կյանքի համար:

«Հարձակում իրերի էության վրա». երբ խոսեց Կաթողիկոսը

Վեհափառ Հայրապետը, խոսելով պետական, ազգային և հասարակական կյանքում Ազգային ժողովի կարևոր դերակատարության մասին, մասնավորապես շեշտել է օրենսդրական կարգավորումներով երկրի առջև ծառացած խնդիրների լուծման և առաջընթացի ապահովման, ինչպես նաև միջխորհրդարանական կապերի և խորհրդարանական դիվանագիտության խթանման անհրաժեշտությունը: Նորին Սրբությունը հավելել է, որ օրենքները պետք է ստեղծվեն սիրով և ծառայեն բարուն` նպաստելով պետության զորացմանն ու զարգացմանը, ժողովրդի կյանքում բարիքի առատացմանը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձել է Ազգային ժողովի պատգամավորների կրթադաստիարակչական առաքելությանը, քաղաքական բանավեճերը և քննարկումները փոխադարձ հարգանքի և հանդուրժողականության մթնոլորտում վարելու կարևորությանը, ինչը նաև դաստիարակչական նշանակություն պիտի ունենա և բարի օրինակ լինի աճող սերնդի համար:

Ամենայն Հայոց Հայրապետն անդրադարձ է կատարել նաև Մայր Աթոռի և ՀՀ Ազգային ժողովի միջև ձևավորված համագործակցությանը` նշելով, որ Եկեղեցու առաքելությունը ծառայությունն է ժողովրդին: Այս իմաստով Նորին Սրբությունը հաստատել է, որ ինչպես անցյալում, այնպես և այսօր Հայոց Եկեղեցին շարունակելու է իր օգտակարությունը բերել օրենսդիր մարմնին ազգային, կրոնական, հասարակական խնդիրներին վերաբերող հարցերում, նպաստել Հայաստանի և Սփյուռքի ներուժի համախմբմանը հանուն հայրենիքի պայծառության, խաղաղ ու ապահով կյանքի:

Ամենայն հայոց կաթողիկոսը 2019–ը հռչակեց ընտանիքի տարի

Իր հերթին ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է, որ հասարակությունը մեծ ակնկալիքներ ու սպասումներ ունի 7-րդ գումարման Ազգային ժողովից: Տիար Արարատ Միրզոյանն իր մտորումները ներկայացրել է առկա մարտահրավերների հաղթահարման գործում խորհրդարանի առաքելության և պատգամավորների դերակատարության առնչությամբ: Այս համատեքստում ԱԺ նախագահը ևս կարևորել է Եկեղեցի-պետություն համագործակցությունը:

Զրույցի ընթացքում Գարեգին Բ Հայրապետը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին ներկայացրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կրթական, սոցիալական ծրագրերը, տեղեկություններ փոխանցել Եկեղեցու գործունեության վերաբերյալ:

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը վերստին իր օրհնությունն ու մաղթանքներն է  բերել ՀՀ ԱԺ նախագահին: