Ցուցարարները չէին թողնում Մանվել Գրիգորյանի փաստաբանին հեռանալ. տեսանյութեր

Փաստաբանը պնդում է, որ իրեն վերագրվող արտահայտությունն ինքը չի արել. ավելին, նրա բառապաշարում բացակայում է այդ բառը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի — Sputnik. Մանվել Գրիգորյանին կրկին կալանավորելու վերաբերյալ Դատախազության միջնորդության գործի քննության հետաձգումից հետո Վերաքննիչ դատարանի առջև բողոքի ցույց իրականացնողները փակել էին փաստաբանի մեքենայի ճանապարհը՝ թույլ չտալով նրան հեռանալ տարածքից:

Նրանք վանկարկում էին «տուշոնկի փաստաբան» և հարցնում, թե ինչքան գումարի դիմաց է որոշել Մանվել Գրիգորյանի շահերը պաշտպանել:

Ցուցարարներին հատկապես վրդովեցրել էր փաստաբան Արսեն Մկրտչյանի՝ ցուցարարներին թափթփուկ անվանելը:

«Մենք քեզանից պատիվ ենք պահանջում մեզ թափթփուկ անվանելու համար»,- բացականչում էին ցուցարարները:

Sputnik Արմենիայի հետ զրույցում Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը շեշտեց, որ ինքը նման հայտարարություն չի արել, և իր բառապաշարում ընդհանրապես նման բառ չկա:

Փաստաբանին հաջողվեց տարածքից հեռանալ ոստիկանների օգնությամբ:

Ի դեպ ավելի ուշ փաստաբանը նկար է տարածել, ըստ որի հասկանալի է դառնում, որ նրա մեքենայի վրա ինչ-որ ներկանման նյութ են լցրել:

Ցուցարարները չէին թողնում Մանվել Գրիգորյանի փաստաբանին հեռանալ. տեսանյութեր

Մեքենայի վրա ինչ-որ նյութ լցնելու պահը նկատելի է տեսանյութի 00:50 վայրկյանին:

Հիշեցնենք, որ ՀՀ վերաքննիչ դատարանը սկսել է Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը գրավով փոխարինելու որոշման դեմ դատախազության ներկայացրած բողոքի քննությունը: Ըստ այդմ՝ դատարանը որոշում կկայացնի՝ Մանվել Գրիգորյանին վերադարձնել կալանավայր, թե ոչ: Նիստին զուգահեռ ընթանում էր բողոքի ակցիա: