ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի — Sputnik, Աշոտ Սաֆարյան․ Հայ-թուրքական հարաբերություններում իրավիճակը ոչ մի փոփոխության չի ենթարկվել 2018թ-ին։ Այդ հարաբերությունները գրեթե չկան՝ չհաշված Հայաստանից տասնյակ հազարավոր աշխատանքային միգրանտներին, որոնք աշխատում են Թուրքիայում, ինչպես նաև հայ առևտրականների գործունեությունը։
2018թ-ի մարտին այն ժամանակ՝ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց հարաբերությունները կարգավորելու մասին Ցյուրիխում ստորագրված արձանագրությունները չեղարկելու մասին։ Սարգսյանի որոշումը զուտ ձևականություն էր․ «ֆուտբոլային դիվանագիտությունը» ձախողվել էր դրանից առաջ։
Սակայն Հայաստանում իշխանափոխությունից հետո նոր ղեկավարությունը ի դեմս Նիկոլ Փաշինյանի բազմիցս հայտարարել է հարաբերություններն առանց նախապայմանների կարգավորելու պատրաստակամության մասին։ Այդ հայտարարություններն առայժմ անհրաժեշտ կերպով չեն հասկացվել Թուրքիայում. Անկարան նախկինի պես շարունակում է հղումներ անել Արցախյան հակամարտության լուծմանը։ Չնայած լավատեսության համար առիթի բացակայությանը՝ թուրքագետ Վարուժան Գեղամյանը կարծում է, որ Հայաստանը կարող է և պետք է մի քանի ուղղություններով աշխատի Անկարայի հետ երկխոսության համար։
«Եթե ցանկություն կա վերանայելու Հայաստանի արտաքին քաղաքականության հայեցակարգը՝ տարածաշրջանում պրոակտիվ դիվանագիտության համար, ապա այդ պրոակտիվության պայմաններից մեկն աշխատանքն է թուրքական կողմի հետ։ Պետք է մշակել մոտեցումների և մեթոդների համալիր՝ հաշվի առնելով անցած տարիների փորձը, այդ թվում չարաբաստիկ «ֆուտբոլային դիվանագիտությունը»», - ասաց Գեղամյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում։
Երկու երկրների միջև հաշտեցման ցանկացած գործընթաց ենթադրում է երրորդ երկրների ներգրավում՝ որպես միջնորդ։ Առայժմ հայ-թուրքական հարաբերությունների դեպքում այդ միջնորդներին մենք չենք տեսնում, նշում է փորձագետը։
Չնայած Ղարաբաղի հարցում Անկարայի ապակառուցողական դիրքորոշմանը, Հայոց ցեղասպանության ճանաչումից նրա հրաժարվելուն՝ մեր զրուցակիցը կարծում է, որ Թուրքիայի հետ հարաբերությունները պետք են Հայաստանին։
«Մեր քթի տակ ահռելի երկիր է՝ հսկայական բնակչությամբ, այն կարևոր դեր է խաղում տարածաշրջանային աշխարհաքաղաքականության մեջ, այդ երկրի ներսում տեղի են ունենում ոչ միանշանակ գործընթացներ, որոնք այսպես թե այնպես ազդում են Հայաստանի վրա։ Դա նշանակում է, որ մենք պետք է մշտապես ձեռքի տակ ունենանք Թուրքիայի հետ հարաբերությունների զարգացման մի քանի սցենարներ։ Այդ սցենարները ցանկացած դեպքում ենթադրում են շփումներ, աշխատանք թուրքական կողմի հետ», - վստահ է Գեղամյանը։
Չնայած կարգավորման անհաջող գործընթացին՝ նախաձեռնված Սերժ Սարգսյանի կողմից 10 տարի առաջ, սկզբնական շրջանում «ֆուտբոլային դիվանագիտությունը» ուներ իր դրական կողմերը։ Այն առաջին հերթին ստիպում էր թուրք հասարակության տարբեր շերտերին մտածել խնդիրների մասին, որոնք տասնամյակներ շարունակ փակ էին։ Հայաստանի թեման մինչ այդ մոռացված էր Թուրքիայում, սակայն «ֆուտբոլային դիվանագիտությունից» հետո դրա մասին սկսեցին խոսել, այն սկսեցին քննարկել։ Գեղամյանը կարծում է, որ ինչ-որ առումով հաշտեցման գործընթացը հաջողվել էր շարժել մեռյալ կետից։
Փորձագետը կոչ է անում Հայաստանի իշխանություններին փորձել ձևավորել Թուրքիայի հետ հարաբերությունների բազմակողմանի ձևաչափ։ Եթե նախկինում Անկարայի հետ բանակցություններն առավելապես ընթանում էին երկկողմ ձևաչափով, ապա հիմա կարելի է ստեղծել նոր ձևաչափեր՝ ներգրավելով այլ խաղացողների, օրինակ՝ Ռուսաստանին, Իրանին կամ այլ միջազգային սուբյեկտների։
Գեղամյանի կարծիքով՝ Հայաստանում «թավշյա հեղափոխությունը», «ժողովրդավարության կղզյակի» նրա համբավը լավ հնարավորություն են Թուրքիայում այն քաղաքական ուժերին և խմբերին իրենց կողմը գրավելու համար, որոնք հալածվում են Էրդողանի կողմից։ Թուրքագետը համոզված է, որ հետևողական և գրագետ արտաքին քաղաքականության շնորհիվ կարելի է գտնել շփման բազմաթիվ եզրեր։