Ինչ է պետք հագնել Ամանորին, որպեսզի տարին հաջողակ լինի. տեսանյութ

Ամանորին մի քանի ժամ է մնացել, և շատերին է մտահոգում այն հարցը, թե ինչ հագուստով է պետք դիմավորել տոնը։ Քիչ չէ այն մարդկանց թիվը, որոնք ուզում են Նոր տարին դիմավորել այնպիսի հագուստով, որը հաջողություն կբերի ամբողջ տարվա ընթացքում։
Sputnik

2019 թվականին թրենդային են դեղինն ու դեղինի երանգները, ինչպես նաև կանաչն ու շագանակագույնը։

Yerevan Mall առևտրի կենտրոնի վաճառքի և միջոցառումների հարցերով մենեջեր Ինգա Մուրադյանը նշում է, որ կան գույներ, որոնք արդիական են մնում` անկախ սեզոնից կամ նորաձևությունից։ Դրանք են սևը, սպիտակը, կարմիրն ու մոխրագույնը։

Աստղաբանները պնդում են, որ այս տարին պետք է դիմավորել լայն շրջազգեստով, ինչն անպայման հաջողություն կբերի։

«Չգիտեմ` պե՞տք է դրան հավատալ, թե՞ ոչ, բայց ծալքավոր շրջազգեստները թրենդի մեջ են», – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Մուրադյանը։

Նա խորհուրդ է տալիս զգեստն ընտրելիս նախապատվությունը տալ դեղին և մանանեխագույն երանգներին։ Վառ զգեստների սիրահարները կարող են կիտրոնագույն զգեստ հագնել։

«Կարմիրը միշտ նորաձև է։ 4 ակտիվ գույն կա, որոնք նորաձևությունից դուրս չեն գալիս` սև, սպիտակ, մոխրագույն և կարմիր։ 2019 թվականին կարմիրը նորաձև չի համարվում, բայց կարմիր զգեստով կինը միշտ հիասքանչ տեսք ունի», – ասաց Մուրադյանը։

Տղամարդկանց խորհուրդ է տրվում ընտրել շագանակագույնի, ինչպես նաև կավագույնի երանգները։

Մանրամասները` տեսանյութում։