Ինչպես պետք է խմել Նոր տարուն` դեմքն աղցանի մեջ չքնելու համար. խումարից ազատվելու խորհուրդ

Ամանորի մեկշաբաթյա մարաթոնը զարմանալի ժամանակահատված է: Հայերն ամեն օր և նույնիսկ օրը մի քանի անգամ հյուր են գնում ու հյուր ընդունում, տարբեր ուտեստներ համտեսում, անթիվ քանակությամբ ալկոհոլ խմում ու մրցում, թե ով ավելի գեղեցիկ կենացներ կասի ծնողների, երեխաների, բարեկամների ու Նոր տարվա հաջողության մասին…
Sputnik

Սակայն ինչպես ամեն ինչ, այնպես էլ Ամանորը մոտենում է ավարտին: Մեկ օր անց մենք կրկին կանցնենք աշխատանքի ու ժպիտով կհիշենք հերթական Նոր տարվա հետ կապված պատմությունները:

Ամենահամեղ հայկական տոլմայի բաղադրատոմսը

Ամենակարևորն այն էր, որ բարեկամներից, հարևաններից և ծանոթներից ոչ ոք այնքան չխմեց, որ դեմքը մտցնի աղցանի մեջ ու քուն մտնի, տուն գնալու համար էլ հավելյալ օգնություն չպահանջվեց, որովհետև մարդիկ ավելի շատ ոչ թե խմել էին, այլ կենաց ասել ու համտեսել տանտերերի հյուրասիրած համեղ ուտեստները:

Ինչևէ, խմիչքների մեկշաբաթյա առատությունից հետո պատշաճ կերպով աշխատանքի ներկայանալը բարդ գործ է, որովհետև ալկոհոլն իր հետքը բավական խորն է թողնում: Ուրեմն գործընկերների ծուռ ու հեգնական հայացքներից խուսափելու համար պետք է մի քանի պարզ կանոն իմանալ: Եվ այսպես…

Որպեսզի շատ ցավոտ չլինի

Խմելու ընթացքում անպայման պետք է ինչ-որ բան ուտել: Առավել ևս, որ տարվա գլխավոր տոնին հայուհիները մեծ ջանասիրությամբ են պատրաստվում, և այս օրերին յուրաքանչյուրն իր խոհարարական հմտությունններն է ցուցադրում` հյուրերին հրամցնելով այնպիսի ուտեստներ, որոնցից հրաժարվելը մեղք գործելու պես մի բան կլինի:

Խոզի և տավարի յուղոտ միս, կանաչեղենի մեծ քանակությամբ աղցաններ, ազգային քաղցրավենիք (փախլավան՝ մեղրով ու ընկույզով). այս ամենը կօգնեն, որ օրգանիզմը դիմակայի ու դիմադրի, քանի որ այս օրերին հնչած կենացներից ու դրանց իրագործման համար բարձրացված բաժակներից պարզապես հնարավոր չէ խուսափել:

Ֆրանսիացին նախընտրել է տոները նշել հայկական ընտանիքի հետ

Իսկ խմելուց էլ պետք է մինչև վերջին կաթիլը խմել, թե չէ տանտերը կարող է նեղանալ, իսկ տոնական օրերին հարազատին նեղացնելն արդեն աններելի արարք կլինի:

Այնպես որ և՛ աղցաններ համտեսեք, և՛ նախուտեստներ փորձեք, հետո անցեք տաք կերակուրներին, քաղցրավենիքին ու մրգերին, և դուք կկարողանաք դիմանալ մինչև ճաշկերույթի ավարտը: Ավելին՝ կկարողանաք նաև ինքնուրույն հեռանալ սեղանի մոտից: Եվ չմոռանաք շնորհակալություն հայտնել տանտիկնոջն ու անպայման ընդգծել, որ ամեն ինչ այնքան համեղ էր, որ խմածը «գլխին չտվեց»:

Ու նաև մեծ քանակությամբ զովացուցիչ ու չգազավորված ըմպելիքներ խմեք. տարբեր տեսակի լիմոնադներն ու «կոկա-կոլաները» չի կարելի համադրել ոգելից խմիչքների հետ, որովհետև մի քանի անգամ մեծացնում են օղու, գինու և կոնյակի ազդեցությունը օրգանիզմի վրա: Ովքեր հյութեր չեն սիրում, բայց կենացների գայթակղությանն էլ չեն դիմանում, կարող են ծարավը հագեցնել հասարակ ջրով:

Խուսափեք փրփրուն ըմպելիքներից

Խոսքը շամպայնի մասին է, որն Ամանորի սեղանի անբաժանելի մասն է կազմում, հատկապես այն պահին, երբ հնչում են տարեմուտի հրաժեշտն ու Նոր տարին ազդարարող զանգերը: Գեղեցիկ բաժակի մեջ լցված փրփրուն ըմպելիքի ոսկեգույն պղպջակները խորհրդանշում են գալիք տարվա հույսերն ու երազանքները: Սակայն շատ ավելի խելամիտ կգտնվեք, եթե շամպայնի չափաբաժինն էլ չչարաշահեք:

«Ոսկե» Նոր տարվա հարբեցնող սեղանը

Շամպայնն ու մյուս փրփրուն գինիները նախընտրում են կանայք ու դեռահասները, իսկ տղամարդիկ Ամանորի սեղանի շուրջ նստում են «ամենայն պատասխանատվությամբ» և «մեծ գործեր» անելու պատրաստակամությամբ:

Գազավորված ըմպելիքներն ու լիմոնադները, սուրճը կամ մեղրով թեյը տեղին կլինեն հաջորդ օրը, երբ կփորձեք հիշել, թե ում հետ և որքան եք խմել:

Թույնի հակաթույնը

Ասում են՝ թույնը թույնով է բուժվում: Առավոտյան հիսուն գրամ թթի օղին կամ մեկ գավաթ կարմիր գինին իսկապես կարող են փրկել նախօրեին խմիչքը չարաշահած տղամարդու հեղինակությունը:

Բերանը մի կաթիլ խմիչք չդրած մարդու տեսք ստանալու համար պետք է առավոտյան կուշտ փորով հաց ուտել ու նախաճաշը «համեմել» 50 գրամով: Եվ մեկ էլ շատ չտարվել տոներով, որովհետև մարդուն սկսում է դուր գալ «քեֆ անողին քեֆ չի պակսի» սկզբունքն ու դժվար է դառնում կյանքի նորմալ ռիթմ վերադառնալը:

Ինչպես են նշում Ամանորը տարբեր երկրներում ապրող հայերը

Պետք է հիշել, որ գայթակղությունը կարող է գինեմոլության վերածվել, ու դրանից խուսափելու համար առավոտյան առաջին 50 գրամից հետո պարզապես հրաժարվեք կրկնությունից և վստահ տղամարդու պես գնացեք աշխատավայր:

Թթվահիմնային հավասարակշռություն

Ժողովրդական իմաստությունը հանճարեղ բան է, այնպես որ կյանքի ընթացքում երբեք պետք չէ մոռանալ մեր տատերի ու պապերի խորհուրդները:
Իսկ նրանք պնդում էին, որ Նոր տարվա մեկշաբաթյա մարաթոնից հետո աշխատանքի գնալու գործին պետք է լրջորեն պատրաստվել: Վերջին օրը պետք է շուտ հրաժեշտ տալ բարեկամներին, ընկերներին ու տուն հասնել համեմատաբար սթափ վիճակում:

Զգուշացի՛ր Նոր տարուց

Այդ օրվա ընթրիքը պետք է լինի տոնի պաշտոնական փակման «արարողությունը», օրվա կարևոր բաղկացուցիչն էլ՝ ապուրը: Հայկական ընտանիքներում տոների ավարտը նշանավորում էին սպասով, քրչիկով կամ էլ բորշչով:

Մեր ժամանակներում սոլյանկան էլ կանցնի՝ ջրիկ և տաք, որին կհաջորդի քնելու անդիմադրելի պահանջը:
Առավոտյան ցնցուղն էլ կատարյալ կդարձնի ձեր տեսքը: Այնքան կատարյալ, որ կարող եք նույնիսկ գործնական հանդիպման գնալ:
Այսքանից հետո պարզապես կրկին շնորհավորենք Նոր տարին և սպասենք ստեղծագործական ու գործնական հաջողություններին, թող որ բոլորի իղձերն իրականանան 2017 թվականին: