Արտակարգ ծառայությունները տոնական օրերին կաշխատեն արտակարգ ռեժիմով

Ոստիկանները, փրկարարներն ու բժիշկները տոն օրերին կաշխատեն ավելի լարված ռեժիմով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի –Sputnik. Հայաստանի արտակարգ ծառայությունները տոնական օրերին աշխատելու են արտակարգ ռեժիմով։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին Ոստիկանությունից, փրկարար ծառայությունից ու շտապ օգնությունից։

ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ նախատոնական օրերին` դեկտեմբերի 22-ից սկսած Հայաստանի ավտոճանապարհներին ու հատկապես Երևանում հերթապահող ոստիկանների թվաքանակն ավելացվել է։

Պետեկամուտների կոմիտեում ոչ աշխատանքային և տոնական օրերին հերթապահություն է սահմանվել

«Ոստիկանությունը կաշխատի ուժեղացված ռեժիմով։ Այդ ռեժիմը կպահպանվի մինչև հունվարի առաջին շաբաթը, մինչև իմ հատուկ կարգադրությունը` աշխատանքային սովորական ռեժիմի անցնելու մասին»,– ասաց Օսիպյանը։

ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ, գնդապետ Հովհաննես Խանգելդյանը նույնպես հայտնեց, որ փրկարարներն, ԱԻ նախարարի պաշտոնակատարի հրամանով, ուժեղացված ծառայություն են իրականացնելու։

«Ծառայությունը գործելու է ուժեղացված ռեժիմով, բոլոր վարչություններում, այդ թվում` տարածքային, պատասխանատուներ են նշանակված։ Ծառայությունը պատրաստ է ձմեռային ու հատկապես տոն օրերին արագ արձագանքելու այն խնդիրներին, որոնք պայմանավորված են ճանապարհի անցանելիության, խցանումների և այլնի հետ »,– ասաց նա։

«Դուք ամենաթանկն ու ամենակարևորն եք». երեխաները ՀՀ նախագահի հյուրերն էին

ԱԻ նախարարի հրամանով ուժեղացված ծառայությունն իրականացվելու է դեկտեմբերի 29-ից մինչև հունվարի 8–ը։

Իսկ շտապ օգնությունն Ամանորին աշխատելու է այնպես, ինչպես տարվա մնացած օրերին։ «Մենք այնքան լարված ու արտակարգ ռեժիմով ենք աշխատում ամեն օր, որ դրանից ավելին դժվար է պատկերացնել»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյանը։

Ինչ վերաբերում է տոնական օրերին ավանդական դարձած սննդային թունավորումներին, տիկին Ստեփանյանը նշեց, որ վերջին տարիներին դրանց թիվը փոքր–ինչ նվազել է, նույնիսկ գրեթե վերացել։

«Մնում է, որ մեր խրոնիկ հիվանդներն իրենց լավ զգան»,– ասաց նա։

Նշենք, որ Ամանորի և Սուրբ ծննդի տոների առիթով, Հայաստանում պաշտոնապես ոչ աշխատանքային է համարվում դեկտեմբերի 31-ից հունվարի 7-ն ընկած ժամանակահատվածը։