Ի՞նչ վիճակում են Երևանի շենքերի վերելակները. ԱԻՆ–ը ստուգումներ է անցկացրել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ստուգել է մայրաքաղաքի վերելակների տեխնիկական վիճակը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի - Sputnik. Երևանում շահագործվող 4600 վերելակից 60-ի վիճակը ճանաչվել է անբավարար: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻ վերելակների տեխնիկական անվտանգության փորձաքննության բաժնի պետ Լուսինե Հովհաննիսյանը:

«Զգուշացեք, դռները փակվում են». երևանյան մետրոն մեքենավարի աչքերով. լուսանկարներ

Այսօր Երևանում գրանցված է բնակելի շենքերում տեղադրված և շահագործվող 4642 վերելակ, որոնցից ստուգել են 2938-ը։ Մինչև տարեվերջ կհասցնեն ստուգել ևս 500–ը։ Ստուգման գործընթացն արժի 2930 դրամ։ Վճարում են համատիրությունները, որոնք բնակիչներից են գումար հավաքում։

«Եթե տեսչությունը բացասական եզրակացություն է տալիս, ապա վերելակի հետագա շահագործման պատասխանատվությունը կրում է համատիրությունը։ Սրանով ԱԻՆ–ի գործունեությունն ավարտվում է, գերատեսչությունը վերելակի հետագա աշխատանքը հսկելու լիազորություն չունի», – ասաց Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ վերելակի շահագործման ընդհանուր ժամկետը 25 տարի է, սակայն հաշվի առնելով, որ էլեկտրականության բացակայության պատճառով վերելակները երկար ժամանակ չեն աշխատել, այդ ժամկետը դեռ չի լրացել։

«Դա չի նշանակում, որ վերելակները ենթակա չեն փոխարինման։ Դրանք մաշվածության եզրին են», – ասաց Հովհաննիսյանը։

5000 պոտենցիալ մարդասպան, կամ ինչպես ողջ մնալ երևանյան վերելակներում

2007-2008 թվականին ընդհանուր առմամբ մեծ գործ է արվել, 2500 վերելակներ հիմնանորոգվել են, 30–ը փոխարինվել են նորերով, բայց նաև գաղտնիք չէ, որ վերելակներն ունեն իրենց շահագործման նորմատիվ ռեսուրսները։ Հովհաննիսյանն ընդգծեց, որ վերելակներն առնվազն տարին մեկ պետք է փորձաքննություն անցնեն։ Վերելակը փոխելու համար առնվազն 20 հազար դոլար է պետք։

Ընդհանուր առմամբ մարզերում 5645 վերելակ կա, բայց դրանց մեծ մասը չեն աշխատում։

Հիշեցնենք` գործող քաղաքապետ Հայկ Մարությանը նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել էր, որ իր ընտրվելու դեպքում վերելակների արդիականացումն առաջնահերթ ուղղություններից մեկն է լինելու։