Ինչպես են արծաթափայլ եղևնիները ծնվում Հայաստանում. տեսանյութ

Տոնական տրամադրությունն արդեն սավառնում է օդում։ Իսկ ի՞նչ Նոր տարի` առանց տոնածառի։ Sputnik Արմենիայի նկարահանող խումբն այցելել է Ստեփանավանի դենդրոպարկ` տեսնելու համար, թե որտեղ և ինչպես են աճեցնում Ամանորի գլխավոր զարդը։
Sputnik

Հենց տոնածառն է աշխարհի մի շարք երկրներում սուրբծննդյան տոնի ավանդական խորհրդանիշը։ Դժվար է տոնը պատկերացնել առանց մշտադալար ծառի ճյուղերից կախված գույնզգույն խաղալիքների և փայփլուն շղթաների։

Պարզվում է, որ տոնածառ զարդարելու ավանդույթը Եվրոպայից է ներթափանցել, բայց ոչ թե գերմանական, այլ կելտական ծագում ունի։

Այսօր արդեն տոնական եղևնիների մեծ բազմազանություն կա` բնական ու արհեստական, գույնզգույն ու տարբեր բարձրության։ Բայց քչերն են մտածում, թե որտեղից են հայտնվում քաղաքի տարբեր ծայրերում վաճառվող բնական եղևնիները։

«Մեկ տարվա ընթացքում տնկին հազիվ 10-15 սմ է աճում, հետագայում տնկեցման ևս երեք փուլ է անցնում։ Վերջին փուլում (4-5 տարեկանում) առավելագույնը մեկ մետր բարձրության հասած ծառը վաճառքի է ուղարկվում», – Sputnik Արմենիային պատմեց դենդրոպարկի տնօրեն Վիտալի Լեոնովիչը։

Նա անթույլատրելի է համարում ծառի գագաթը կտրելը. բացի այն, որ եղևնին տգեղանում է, այլև կարող է չորանալ։