ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի — Sputnik. Թե որքան կխնայի ՀՀ պետական բյուջեն նախարարությունների օպտիմալացման արդյունքում, վարչապետի ու ֆինանսների նախարարի պաշտոնակատարները չեն հաշվարկել։
Այս մասին Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան ասաց ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը։
«Պիտի խնդրեմ այդ ամենը փողի հետ չկապել։ Փողը վերջում է գալիս։ Մենք նպատակ չենք դրել փող կրճատելու։ Ծախսերը կրճատելու մասին պետք է խոսենք երկրորդ մասում, առաջին մասում պետք այնպես անել, որ եղած ծախսը տա առավելագույն արդյունք։ Եթե մենք հասնենք դրան, դա կլինի մեր լավագույն արդյունքը»,– ասաց նախարարի պաշտոնակատարը։
Ատոմ Ջանջուղազյանի խոսքով, այսօր կան նախարարություններ, որտեղ յուրաքանչյուր երկրորդը ղեկավար է, մինչդեռ օպտիմալ է համարվում 1 ղեկավարի ներքո 7-10 աշխատակիցների աշխատանքը։ Ֆինանսների նախարարությունում 1 ղեկավար աշխատող միջինը 3.6 աշխատողի է ղեկավարում։
«Եթե միայն մի գործողություն անենք մեր նախարարությունում ու յուրաքանչյուր ղեկավարին 3.6-ի փոխարեն 9 աշխատակից սկսի բաժին ընկնել, միայն դրա արդյունքում մենք մոտավորապես 20 տոկոսի չափով լրացուցիչ միջոցներ կտնտեսենք։ Մենք չենք պատրաստվում կրճատել, ուղղակի այդ լրացուցիչ միջոցներով հնարավոր կլինի վարձատրել այդ մարդկանց ավելի լավ, քան այսօր»,– ասաց Ջանջուղազյանը։
Նրա համոզմամբ՝ կառավարման ապարատի օպտիմալացման արդյունքում ակնկալվող աշխատավարձերի բարձրացումը կնպաստի նաև աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ու պետական համակարգում բարձրակարգ մասնագետների ներգրավմանը։
«Մենք դա չենք անում կոնկրետ մարդու համար աշխատատեղի խնդիր առաջացնելու համար։ Կարևորը հաստիքի կրճատումը չէ, այլ աշխատանքի արդյունավետ կատարումը»,– ասաց նախարարի պաշտոնակատարը։
Իսկ կոնկրետ իր ղեկավարած գերատեսչությունում սպասվող կրճատումներին մասին Sputnik Արմենիայի հարցին Ատոմ Ջանջուղազյանը պատասխանեց, որ ֆինանսների նախարարության կազմում էլ փակելու բան չի մնացել։
«Կրճատումներն այս ոլորտում նորություն չեն։ Այս տարի և հատկապես վերջին 2 ամիսներին նախարարության աշխատակազմն արդեն 84 մարդով պակասել է»,-հիշեցրեց նա։
Ընդ որում` խոսքը ոչ միայն նախարարության, այլև դրան հարակից ԾԻԳ–երի ու ՊՈԱԿ–ների աշխատակիցների մասին է։
«Տեսեք. հիմա մենք ունենք մի բաժին, որը կոչվում է գնումների բաժին, որն իրականացնում է մեր նախարարության անհրաժեշտ գնումները, ունենք հաշվապահական հաշվառման վարչություն, ունենք գործերի կառավարչություն և ունենք համանման գործառույթներ իրականացնող աշխատատեղեր նաև ԾԻԳ–ում»,– ասաց Ջանջուղազյանը` նշելով, որ օպտիմալացման արդյունքում նույն գործառույթները միավորվել են մեկ կառույցում, մնացածը` կրճատվել։
«Մարդը եթե ամբողջ օրը աշխատանքի մեջ է, բայց նրա արած աշխատանքը ոչ մի տեղ չի երևում, այդ կազմակերպության համար նման աշխատակից ունենալն արդյունավետ չէ։ Պատկերացրեք` հաշվետվություն է գեներացնում շատ պարտաճանաչ, ամեն օր, բայց այդ հաշվետվությունը ոչ մի տեղ չի օգտագործվում»,– ասաց նա։
Իսկ կրճատումների ու դրա հետևանքով աշխատանքը կորցնողների թեմային ֆինանսների նախարարի պաշտոնակատարն առաջարկում է հիվանդագին չվերաբերվել։
«Այդ մարդիկ ունեն պոտենցիալ և կարող են այլ աշխատանքով զբաղվել։ Հատկապես, որ դրսում կան հարյուր հազարավոր մարդիկ, որոնք նույն վիճակում են։ Պետք չէ աշխատատեղին վերաբերվել որպես սոցիալական հարցի լուծման»,– հորդորում է Ջանջուղազյանը։
Հիշեցնենք, որ Մշակույթի և Սփյուռքի նախարարությունների ղեկավարները դեկտեմբերի 20-ին աշխատակազմի ժողովներում հայտարարել էին սպասվող կրճատումների մասին` նշելով, որ որոշ աշխատակիցներ 2019թ–ի հունվարի 1-ից կարող են աշխատանքի չգալ։ Դրա հետևանքով նախարարությունների մի քանի տասնյակ աշխատակիցներ գործադուլ էին հայտարարել ու բողոքի ակցիա կազմակերպել` ընդդեմ կառավարության այդ ծրագրի։
Դեկտեմբերի 10-ին, արտասահմանյան լրատվամիջոցների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ նախարարությունների թիվը կառավարությունում պետք է կրճատվի 17-ից 12-ի և այդ հարցն արդեն քննարկվում է։