ՀՀ–ն ոչ մի բանակցություն չի վարում երրորդ երկրների զինվորականների տեղակայման մասին. ԱԳՆ

ԱԳՆ–ի ներկայացուցիչը նշեց, որ Հայաստանում կենսալաբորատորիաներն ունեն և կունենան զուտ քաղաքացիական բնույթ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի — Sputnik. Հայաստանը որևէ բանակցություն չի վարում երկրի տարածքում երրորդ երկրների զինվորականների տեղակայման վերաբերյալ։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։

Տեղեկատվական անհեթեթություն Հայաստանում կամ ինչու են Լավրովին սխալ հասկացել

«Այդ լաբորատորիաները պատկանում են Հայաստանին, վերահսկվում մեր կողմից։ Այնտեղ աշխատում են բացառապես հայ մասնագետներ։ Դրանք ունեցել են, ունեն և կունենան քաղաքացիական բնույթ», – ասաց Նաղդալյանը։

Նրա խոսքով` Հայաստանում ռազմական ներկայության խնդիր չկա։

«Հայաստանը որևէ բանակցություն չի վարում մեր երկրի տարածքում երրորդ երկրի զինվորների տեղակայման մասին»,– ասաց Նաղդալյանը։

Հիշեցնենք` Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Կոմսոմոլսկայա պրավդային» տված հարցազրույցում ասել էր, որ Մոսկվան ու Երևանը կստորագրեն մի փաստաթուղթ, որը կերաշխավորի արտասահմանցի զինվորականների բացակայությունը Հայաստանում գործող կենսալաբորատորիաների տարածքում։ Դրան ի պատասխան ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի նոր իշխանությունը Ռուսաստանի հետ չի քննարկել կենսալաբորատորիաների տարածքում օտարերկրյա զինվորականների բացակայության հարցը։