Հեղաշրջման փորձի հետևանքով Թուրքիայում արդեն դատապարտվել է 3057 մարդ, որից 1934–ը` ցմահ

Գյուլենական շարժման դեմ պայքարի շրջանակներում, մինչ օրս Թուրքիայի զինված ուժերից հեռացվել է 15,153 զինվորական։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի — Sputnik. Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձին առնչություն ունենալու մեղադրանքով դատապարտվել է 3057 մարդ։

«Քրդական ճամբարները»` ծուղակ Հայաստանի համար. սուտը Թուրքիային չի կանգնեցնի

Ինչպես տեղեկացնում է ermenihaber.am–ը, Թուրքիայում դեռ շարունակվում են հեղաշրջման փորձի գործով կալանավորված մարդկանց դատավարությունները։ 2016թ-ից մինչ օրս բացվել է 289 վարույթ, որից 239-ն արդեն ավարտվել են։ Այդ դատական որոշումներից 34-ը կայացվել է Անկարայում, իսկ 46-ը՝ Ստամբուլում։

Ընդհանուր առմամբ՝  ռազմական հեղաշրջման փորձին առնչություն ունենալու մեղադրանքով դատապարտվել է 3057 մարդ, որից 1934-ը՝ ցմահ ազատազրկման։ Նրանցից 956-ն իրենց պատիժը կրելու են խստացված ռեժիմով կալանավայրում:

Գյուլենական շարժման  դեմ պայքարի շրջանակներում, մինչ օրս Թուրքիայի զինված ուժերից հեռացվել է 15,153 զինվորական։

Հիշեցնենք, որ 2016թ. հուլիսի 15-ի ուշ երեկոյան Թուրքիայում ռազմական ճանապարհով պետական հեղաշրջման փորձ էր կատարվել, որը, սակայն, հուլիսի 16-ի դրությամբ արդեն լիովին ճնշվել էր: Օդուժի կիրառմամբ իրագործված հեղաշրջման փորձի հետևանքով, ըստ պաշտոնական տվյալների, զոհվել է 248 և վիրավորվել 2196 մարդ: