Ինչպես չխանգարել Հայաստանի ու Իսրայելի հարաբերություններին

Ցեղասպանության ճանաչման հարցը չպետք է խանգարի Հայաստանի ու Իսրայելի հարաբերությունների զարգացմանը։ Սրանում համոզված են երկու կողմերն էլ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը քաղաքական հարթության վրա է։ Ինչ վերաբերում է հրեա ազգին, ապա այն վաղուց ճանաչել ու դատապարտել է 1915 թվականի իրադարձությունները։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց  Հրեական համաշխարհային վեհաժողովի դիվանագիտական կորպուսի վարչության անդամ Ռուտ Օզանան։

Օզանան առաջին անգամ էր Հայաստան եկել մասնակցելու «Ազգային աղետներից պետականության վերականգնում» խորագրով գիտական նիստին, որը նվիրված էր Հայաստանի Հանրապետության 100–ամյակին ու Իսրայելի 70–ամյակին։ Այն կայացել է այսօր Երևանում։

Ճանաչել Հայոց ցեղասպանությունն ընդդեմ Թուրքիայի. «հանունի» կամ «ընդդեմի» իսրայելական միտումները

Միջոցառումը կազմակերպել էր Հայաստանի հրեաների համայնքն ու «Հայաստան–Իսրայել» հասարակական ֆորումը։ Նիստում խոսվել է նաև Հայոց ցեղասպանության ու հրեական Հոլոքոստի մասին։

 «Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը քաղաքական է, այստեղ շատ բան է կախված Թուրքիայի հետ հարաբերություններից ու Թուրքիայի ազդեցությունից։ Որքանով տեղեկացված եմ, հրեաներն, անկասկած, ճանաչում են Հայոց ցեղասպանության փաստը, իսկ ահա Իսրայել պետությունը լրիվ այլ բան է», – ասաց Օզանան։

Նրա կարծիքով` հայերն ու հրեաները ընդհանուր շատ բաներ ունեն։ Օզանան կարծում է, որ զարմանալի նմանություններից է այլ մարդկանց համար օգտակար լինելու ցանկությունը։

Իսրայելում Հայաստանի արտակարգ ու լիազոր դեսպան Արմեն Սմբատյանն իր հերթին, ելույթ ունենալով նիստում, նույնպես ընդգծեց, որ չի հանդիպել ոչ մի հրեայի, որը կհերքեր Հայոց ցեղասպանության փաստը։

 «Ես չգիտեմ այնպիսի հերայի, որը չի ճանաչում Ցեղասպանությունը», – ասաց նա հավաքվածներին։

Միաժամանակ դեսպանը կարծում է, որ ընդհանուր առմամբ սխալ է դնել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը երկկողմանի հարաբերությունների խորացման համատեքստում։ Հայաստանի ու Իսրայելի համագործակցությունը պետք է զարգանա անկախ պատմական հարցերից։

«Այսօր Իսրայելը համաշխարհային քաղաքական ասպարեզում խոշորագույն խաղացողներին է, ու ես ուրախ եմ, որ վերջին շրջանում մեզ հաջողվել է նոր մակարդակի հասցնել Հայաստանի ու Իսրայելի հարաբերությունները», – ասաց Սմբատյանը։

Նա հույս հայտնեց, որ 2 երկրների միջև հետագա համագործակցությունը կխորացվի։

Բժշկական համալսարանները կպատասխանեն Իսրայելին.ում է ձեռնտու «փչացնել արտոնագիր» օպերացիան

Հայաստանի հրեաների համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում կարևորեց նման միջոցառումները։ Նա և «Հայաստան–Իսրայել»  հասարակական ֆորումի համանախագահ, քաղաքական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր, գեներալ–լեյտենանտ Հայկ Քոթանջյանը վաղուց էին պատրաստվում այս նիստին, սակայն  Հայաստանի ներքաղաքական իրադարձություններն իրենց ծրագրերում փոփոխություններ մտցրին։

Վարժապետյանը նշեց, որ նիստի նպատակն է բարձրացնել Հայոց ցեղասպանության մասին իրազեկվածության մակարդակը, նաև աջակցել Հայաստանի ու Իսրայելի միջև հարաբերությունների զարգացմանը։ Նա նույնպես կարծում է, որ Հայոց ցեղասպանության թեման չպետք է երկու պետությունների հարաբերություններում անկյունաքար լինի։

«Ժողովուրդը, քաղաքացիները, մարդկությունը չեն կարող չճանաչել... Բոլորն այդ իրադարձությունները որպես Ցեղասպանություն են ճանաչում», – ասաց Վարժապետյանը։

Նրա խոսքով`հրեական համայնքի ներկայացուցիչներն ամեն ջանք գործադրում են, որ Իսրայելը պետական մակարդակով ճանաչի այդ փաստը։

 «Աշխարհը պետք է հիշի, որ հայերն ու հրեաները ողբերգություն ապրած ժողովուրդ են։ Մենք պետք է ուժեղ լինենք, մեզ անհնար է հաղթել», – ասաց Վարժապետյանը։

Հիշեցնենք, որ հայ-իսրայելական հարաբերությունները վերջին ժամանակաշրջանում ակտիվացել են բարեկամության միջխորհրդարանական խմբի, ինչպես նաև չքաղաքականացված հասարակական պլատֆորմի` «Հայաստան-Իսրայել» ֆորումի շնորհիվ։