Ռուս զինծառայողը Գյումրու բնակչի սպանության հետ կապ չունի. ՌԴ դեսպանատուն

Ռուսաստանի դեսպանատունը հերքում է ռուս զինծառայողի մասին տարածվող լուրերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի — Sputnik. Իրականությանը չի համապատասխանում տեղեկությունն այն մասին, թե 102-րդ ռուսական ռազմակայանի պայմանագրային զինծառայողը ծեծել է Գյումրու բնակչուհուն, որը մարմնական վնասվածքներից հետո տեղում մահացել է։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մամուլի ծառայությունից։

Դաժան սպանություն Գյումրիում. ծեծելով սպանել են փողոցը մաքրող կնոջը

Ավելի վաղ հայկական որոշ լրատվամիջոցներ գրել էին, որ Գյումրիում 57-ամյա կնոջ սպանության հետ առնչություն ունի ռազմակայանի պայմանագրային զինծառայողներից մեկը։ Նրան բերման են ենթարկել Գյումրու ոստիկանության աշխատակիցները։

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան տվյալների համաձայն` դեկտեմբերի 3-ին նա ծառայության դուրս չի եկել։ Նման դեպքերում, փոխգործակցության կանոնակարգի համաձայն, ռուս զինվորականներն այդ մասին պետք է տեղեկացնեն տեղի ինքնակառավարման մարմիններին։ Զինծառայողի մասին տեղեկությունը հայտնվել է հետախուզական ամփոփագրում, ինչը պատճառ է դարձել, որ նրան ընդգրկեն այդ աղմկահարույց իրադարձության հետ առնչություն ունեցողների շրջանակում։

Ավելի ուշ զորամասի հրամանատարությունը Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոսություն ներկայացուցիչների և ՀՀ ոստիկանության հետ համատեղ պարզել է, որ ռուս զինծառայողն առնչություն չունի այդ դեպքի հետ։